XIII
Ալիմյանների քաղաքային գրասենյակն այժմ ներկայացնում էր մի ամբողջ առևտրական հիմնարկություն։ Կից խանութը դատարկել էին տվել, միացրել, բոլորը վերանորոգել տվել, մաքրել և զարդարել։ Զարգարյանի փոխարեն այժմ այնտեղ ծառայում էին մի գլխավոր, երկու օգնական հաշվապահներ, երեք քաղաքային գործակատարներ և մի քարտուղար։ Կահ-կարասին նորոգվել էր պատշաճավոր կերպով։ Երկաթե սնդուկի մոտ, առանձին սեղանի քով նստում էր Սրաֆիոն Գասպարիչը, որին Սմբատ Ալիմյանը նշանակել էր գանձապահ։ Նրա կերպարանքն այժմ ավելի ազդու և ավելի հանդիսավոր էր դարձել։ Բարձր երկաթե ցանկապատի հետևում նա հիշեցնում էր մի ահռելի դրակոնի, որ դրված էր երկաթե սնդուկը հսկելու համար։
Հաշիվները պահվում էին նոր ձևով։ Ամեն ինչ, որ պատկանում էր առևտրական տան, գնահատվել էր և արձանագրվել։ Այժմ ամեն րոպե կարելի էր ստուգել գործերի դրությունը։ Սմբատն ապահով էր, որ ոչ մի թյուրիմացություն չպիտի տեղի ունենա, եթե ժառանգները կամենան նրանից հաշիվ պահանջել։
Առավոտները նա պարապում էր գրասենյակում, մինչև կեսօրը, առանձին սենյակում։ Նրա դեմուդեմ պատին քաշ էին արած հանքերի, տների, քարվանսարաների լուսանկարները։ Մեջտեղ զետեղված էր հանգուցյալ Մարկոսի մեծադիր յուղաներկ պատկերը՝ սև շրջանակի մեջ. նկարչին հաջողվել էր փոքրիկ լուսանկարից վերարտադրել նշանավոր քաղաքացու կերպարանքը բավական կենդանի։ Ոչնչից միլիոններ ստեղծած մարդու դեմքն արտահայտում էր խորին մտահոգություն, եռանդ և զգաստություն։ Թվում էր, որ նրա սրատես աչքերը դեռ արթուն հսկում են գործերին, հետամուտ լինելով որդու յուրաքանչյուր քայլին։ Հոր խոժոռած դեմքի վրա որդին կարգում էր կյանքի մի որոշ, անխախտելի նպատակ — վաստակել և վաստակել զավակների ապահովության համար։ Եվ նա հասել էր այդ նպատակին ամենափայլուն կերպով, բայց հետր գերեզման տանելով ծանր