Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր Սմբատի ինքնասիրությունը և երրորդ անգամն էլ խիստ պատասխան էր ստանում։ Նա մոռանում էր, թե իր տերը թեև Մարկոս Ալիմյանի որդին է, բայց ուրիշ հայացքներով, որ այն, ինչ որ փաղաքշում էր հորը, կարող էր դուր չգալ որդուն։ Ահա ինչու, կամենալով մի սխալն ուղղել, երկրորդ սխալը գործեց, երբ ասաց.

— Ձեր պարտք համարածն ուրիշները բարություն կհամարեին, բայց ձեզ արդեն սկսել են պաշտել մշակները։

Սմբատը դարձավ Զարգարյանին և հարցրեց, արդյոք չե՞ն հայտնել մշակներին, թե առաջիկա ամսի մեկից նրանց ռոճիկները պիտի ավելացնեն։ Դուրս եկավ, որ Սուլյանը դեմ է և՛ այս բանին։ նրա կարծիքով, Ալիմյանի մշակներն առանց այդ էլ բավական խոշոր ռոճիկներ են ստանում։ Բայց այս ձևով էլ չկարողացավ հաճելի թվալ Սմբատին։ Պաշտպանելով Ալիմյանի շահերը, ցույց տալով իրեն այդ շահերի վերաբերմամբ ժլատ, կարծում էր, որ իր առջև կանգնած է դարձյալ Մարկոս աղան։ Սխալվեց, և այս անգամ մտքում վճռեց տակտիկան փոխել։ Նա սկսեց ցույց տալ իրեն ազատամիտ մշակների դրության վերաբերմամբ և գովեց այն ծրագիրը, որ հնարել էր Սմբատը նոր կացարանների համար։ Փոփոխությունն այնքան ճարպիկ էր, որ Սմբատն անգամ չնկատեց և սկսեց խորհրդածել նրա հետ։

Դուրս գալով գրասենյակից, բակում հանդիպեց մի խումբ մշակների, որ եկել էին հաշիվ խնդրելու։ Պատրաստվում էին գնալ հայրենիք։ Նրանք վերցրին իրենց մազոտ մորթե գդակները և սև կարտուզները։ Աշխատանքը բոլորի վրա դրել էր բնորոշ դրոշմ։ Մեկի մի ուսն էր բարձր մյուս ուսից, երկրորդի ոտներն էին ծռվել, երրորդի կուրծքն էր ներս ընկած և մեջքը կորացած։ Նավթի և մրի տակ անկարելի էր որոշել նրանց դեմքերի իսկական գույնը։ Բայց աչքերի շրջանակները դեղնած էին խոնավ խրճիթներում քնելուց, և այդ դեղնությունը սև ֆոնի վրա ավելի խիստ էր աչքի ընկնում:

Սմբատը հրամայեց Սուլյանին նրանց հաշիվները տալ, տալ նաև յուրաքանչյուրին քսանական ռուբլի պարգև։ Հրամանը տրվեց շշնջյունով և ռուսերեն։ Սև խումբը ոչինչ չհասկացավ