Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա իր հայացքը հառել էր Սմբատի երեսին ակնածությամբ։ Ձեռները պիջակի գրպանները դրած, լայնեզր գլխարկն աչքերին քաշած, առողջ թիկունքներով, խելացի, համակրելի առնական դեմքով նա այդ աշխատավոր մարդկանց ներշնչում էր ակամա երկյուղ, նաև համակրանք։

Մի վայրկյան Սմբատը երեսը մի կողմ դարձրեց և տեսավ մի սրտաշարժ տեսարան։ Բակի հեռավոր կողմում, մի հողային փոքրիկ թմբի վրա, երկու երկաթյա նավթային ամբարների առջև կանգնած էր Շուշանիկը, անբաժան մոխրագույն շալն ուսերին։ Նրա առջև կանգնած էր մի երիտասարդ մշակ, որ արեգակի շողերի մեջ երևում էր իբրև մթին սիլուետ։ Օրիորդը փոխում էր մշակի ձեռի վերքի սպեղանին, մրոտված թաշկինակը խնամքով կապելով նրա բազկին:

Իրիկնադեմ էր արդեն։ Աշնանային արեգակը շտապում էր մայր մտնել, երկինքը վերջին անգամ ոսկեզօծելով։ Գանգուր մազերը թափվել էին՝ օրիորդի ականջների վրա, քնքուշիկ ընդգրկել գունատ այտերը և կազմել մի գեղարվեստական շրջանակ։ Ծիրանագույն շողերը տարածվել էին նրա վրա և շրջապատել մի նուրբ ոսկե փոշով։

Մշակը հեռացավ, գլուխ տալով։ Օրիորդը ձեռները դրեց ծոցը, հայացքը հառեց հեռու։ Նա չէր տեսնում Սմբատին, բավական հեռու լինելով։ Անշարժ, գլուխը թեթևակի ուսին ծռած, այժմ հիշեցնում էր հին դպրոցի մի նկար, որ տեսել էր Սմբատը Պետերբուրգի Էրմիտաժում և խոր տպավորություն էր գործել նրա վրա։ Նա հիացած նայում էր, չքաշվելով Սուլյանից, որ շարունակ խոսում էր, ձգտելով մերձենալ միլիոնատեր երիտասարդի սրտին։ Այո՛, դա ամայի դաշտում բուսած մի հատիկ մանիշակ է։ Ոչ վառվռուն վարդ, որ հենց առաջին անգամից գրավում է անցորդի հայացքն իր գույնով և ոչ էլ գոռոզ շուշան, ինչպես է օրիորդի անունը, այլ իսկ և իսկ մանիշակ, հրապուրիչ ինքն իր հեզությամբ և նուրբ բուրմունքով։

Ծիրանագույն շողերի մեջ գանգուր մազերի ծայրերը ճակատի վրա ներկայացնում էին մի տեսակ թափանցիկ ոսկեթելեր։ Արեգակը, վերջին անգամ հիանալով նրանով, կարծես, ափսոսալով, թաքնվեց հեռավոր լեռների հետևում։