խոշոր գծերով դեմքը, որի վրա նկատվում էր մի տեսակ անժամանակ զարգացում և նույնիսկ չափահաս տղամարդի հավակնություն, անկարող էր թաքցնել այդ ձանձրույթը։
Այրին և՛ լալիս էր, և՛ արտասվախառն ձայնով պատմում հանգուցյալի տանջանքները: Նա գլխավորապես դառնում էր իր ավագ որդուն, և նրան հաղորդում բոլորը, ինչ որ անցել էր ութ տարվա ընթացքում: Խեղճ մարդ, նա չկամեցավ հիսուն տարվա արյուն-քրտինքով վաստակածը քամուն տալ, այսինքն՝ ձգել երկրորդ որդու` Միքայելի ձեռքը։
— Մի՛ չարանար,— դարձավ այրին երկրորդ որդուն, որ մի կատաղի հայացք էր ձգել նրա վրա,— ես հորդ խոսքերն եմ կրկնում։ Նա վախեցավ, որ դու մի տարի չանցած չոր տափի վրա կթողնես ամենքիս և կանչեց Մոսկվայից Սմբատին։ Ասաց. «կասես նրան, որ շռայլ եղբորը ճանապարհի բերի, Արշակին լավ մտիկ անե, քեզ էլ մենակ չթողնե։ Կասես, որ ինչքան ինձ տանջեց —հերիք է, թո՛ղ գոնե քեզ խնայե, դու էլ խեղճ ես, դու էլ անուն ու պատիվ ունես»։
«Անուն ու պատիվ», կրկնեց իր մտքում Սմբատը, «այդ ես եմ, որ արատավորել եմ այդ անունն ու պատիվը մեր գերդաստանի»...
Այրին կանգ առավ, նոր հեծկլտանքը խեղդեց կոկորդի մեջ դառն խոսքերի հոսանքը։ Մի քիչ զսպելով իրեն, նա կրկին դարձավ ավագ որդուն։
— «Ինչո՞ւ գնաց, կյանքը կապեց օտարազգի աղջկա հետ», կրկնում էր խեղճը։ Տեսա՞ր, որ՛դի, ինչպես նայեց ձեռիդ, ինչպես փոխվեց հանկարծ, այդ մատանին տեսնելով մատիդ։ Նա գիտեր, որ օրենքով ամուսնացել ես ռուս եկեղեցում, գիտեր, որ երեխաներ ունես, բայց էլի չէր ուզում հավատալ այդ դժբախտությանը։ «Չէ, ասում էր, չէ, խելքի կգա, կբաժանվի»։ Այժմ, որդի, ահա դու և ահա հորդ կտակը... Արա, ինչ որ ուզում ես, բայց չլինի թե հորդ անեծքին արժանանաս։ Լսեցի՞ր, լսեցի՞ր. «անիծվիս, եթե կամքս չկատարես»։ Մեռնող հոր վերջին անեծքը երկնքից է գալիս, հոգին է, որ բերում է։ Խեղճ մարդու միակ իղձն էր, որ թողնես այնտեղ նրանց և գաս մտնես ծնողներիդ օջախը։ Այժմ դու գիտես։