Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/168

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան կարդալու։ Եվ, վերջապես, Անուշն ինքը չկարողացավ ժխտել հանցանքը եղբոր մոտ։ Գրիշան երդվեց հոր գերեզմանով պատժել Միքայել Ալիմյանին, հայհոյեց քրոջը, անգամ թքեց երեսին և հեռացավ...

Ցերեկները Պետրոսը միշտ տանն էր անցկացնում։ Խանութ գնում էր միայն երեկոները, մութն ընկնելիս, այն էլ դրամարկղի փողերը ստանալու համար։ Կնոջից փախչում էր, վախենալով տեսնել նրան։ Իսկ Անուշն ամբողջ օրը փակված էր իր սենյակում։ Չգիտեր ինչ աներ, փախչել մոր մոտ չէր ուզում. ամոթը կաշկանդում էր նրան։ Մի անգամ խայտառակեց ծնողներին, ընկնելով հոր գործակատարի պարանոցին։ Մյուս անգամ ի՞նչպես հարվածեր խեղճ պառավ մորը։ Վերջապես, կընդունի՞ արդյոք նրան իր տունը Գրիշան, եթե մայրն անգամ ընդունի...

Նա տանջվում էր և ճիգ էր անում սիրտը թեթևացնել զավակների սիրով։ Խայտառակ օրից հետո անբաժան էր երեխաներից։ Մի կողմից երկյուղն ամուսնուց, մյուս կողմից` ծանր հանցանքի գիտակցությունը դրդում էին նրան փնտրել անմեղ էակների հովանավորությունը։ Ապականված հոգին ձգտում էր մաքրության ճառագայթների մեջ լվանալ իր կեղտը և չէր զգում, որ իր համբույրներով արատավորում է նրանց։ Եթե Պետրոսը վռնդեր նրան իր տնից, տալով երեխաներին, դա խնդրի ամենաբախտավոր լուծումը կլիներ նրա համար։ Բայց Անուշը համոզված էր, որ երբեք այս տեսակ մեղմ պատժի չի արժանանա։ Այո էր, որ գրգռում էր վերջին ժամանակ նրա մեջ թմրած մայրական սերը։ Այս էր, որ դրդում էր նրան գրկել, համբուրել զավակներին այնպիսի խանդաղանքով, որ, կարծես, ահա շուտով պիտի բաժանվի նրանցից։ Եվ մանկական գլուխները թրջվում էին դառն արցունքներով, որոնք արտահայտում էին մի մեղսագործ հոգու ուշացած զղջումը։

Այժմ Անուշի համար Ալիմյանը մի չար հոգի էր։ Մտավ նրա թմրած կյանքի մեջ, արագությամբ տակն ու վրա արավ ամեն ինչ և առմիշտ սպանեց նրան բարոյապես։ Տեր աստված, տեր աստված, արժե՞ր միթե մի այդպիսի մարդու համար այսքան կուրանալ և այսպես ընկնել...