Նույն միջոցներին Միքայելը բարոյապես տանջվում էր ոչ պակաս, քան իր հոմանին։ Անուշը նրան նամակով հաղորդել էր բոլոր հայությունը։ Նույնիսկ իր ծեծվելը չէր թաքցրել։ Այդ կոպիտ, գռեհիկ խանութպանը միայն մի ծեծով չի բավականանալ։ Նա կպատմի կնոջը և կպատմի չարաչար։ Նա կարող է անգամ սպանել նրան։ Այն ժամանակ հասարակությունը վերահասու կլինի պատժի պատճառներին։ Ալիմյան անունը կանցնի բերանից-բերան և, ով գիտե, գուցե և դատարանները։
— Ի՞նչ է պատահել քեզ,— հարցնում էին ընկերները նրան։
— Ոչինչ,— թաքցնում էր Միքայելն իր տխրության պատճառը։
Միայն Մարութխանյանին հաղորդեց իր ցավը և խնդրեց նրա խորհուրդը։ Գործնական մարդը նեղն ընկավ. ի՞նչ խորհուրդ տար։ Նրա կարծիքով, երիտասարդ հասակին ներելի է ամեն տեսակ սխալ կանանց վերաբերմամբ։ Ժամանակն ամեն ինչ կբուժի։ Ղուլամյանը կհաշտվի իր վիճակի հետ։ Անուշը կմոռանա Միքայելին, իսկ Միքայելը կմոռանա նրան, ու կմոռանա՛։ Գլխավորն այն է, որ հասարակությունը ոչինչ չիմանար։
Այդ միջոցներին Մարութխանյանը սաստիկ զբաղված էր կոնտր-կտակի խնդրով։ Նա դեռ գործը չէր հանձնել դատարանին և, զարմանալի է, որ միշտ Միքայելին հորդորում էր ձանձրացնել Սմբատին. չնայելով, որ բոլորովին հույս չուներ, թե Սմբատը որևէ զիջում կանե։ Միքայելը նրան վաղուց էր լիազորություն տվել վարել գործն իր ցանկացածի պես։ Սակայն նա դարձյալ տատանվում էր։ Պարզ էր, որ նա այժմ ուրիշ դիտավորություն ուներ։
Միքայելի մտամոլոր դրությունը նրան պատճառեց անհուն ուրախություն։ Նա սկսեց այցելել աներձագին ամեն օր։ Գալիս էր, խոսք բաց անում Ղուլամյանների մասին, հուզում, գրգռում Միքայելին։ Եվ այդ րոպեներին հանկարծ խոսքը փոխում էր, մեջ էր բերում կտակի խնդիրը։ Միքայելը կրկնում էր, թե իրավունք է տալիս նրան անելու, ինչ որ կամենում է։ Մարութխանյանը երբեմն հանում էր ծոցի