Մի անգամ Սմբատը, մտնելով մոր սենյակը, տեսավ, որ այրին լուսամուտի առջև նստած լաց էր լինում։ Կարծեց, թե նա դարձյալ հիշում է հանգուցյալ ամուսնուն։ Սակայն այրիի դառնության պատճառն այս անգամ ա՛յլ էր։ Նա ասաց, թե մի փոքր առաջ կանչում է իր մոտ թոռներին և մի րոպե անցած աղախինը գալիս է նրանց մոր կողմից և տանում։
— Ամեն օր այսպես է անում կնիկդ, ամեն օր, — ավելացրեց այրին, «կնիկդ» բառն արտասանելով դառն հեգնությամբ,— կույր չեմ, տեսնում եմ, որ չի ուզում երեխաներդ ինձ սիրեն։
Սմբատն անցավ կնոջ սենյակը։ Այնտեղ Անտոնինա Իվանովնան աչքունքը թթվեցրած նամակ էր գրում ընկերուհիներից մեկին։
— Ո՞ւր են Վասյան և Ալյոշան,— հարցրեց Սմբատը։
— Իրենց սենյակում։
— Ուղարկեցե՛ք մորս մոտ։
— Հենց հիմա նրա մոտ էին։
— Թողե՛ք էլի գնան, խաղան։
— Դասեր են պատրաստում, դեռ չեմ պարապել նրանց հետ...
— Անտոնինա Իվանովնա՛,— արտասանեց Սմբատը, մի քիչ ձայնը բարձրացնելով,— այդպես մի՛ վարվեք մորս հետ։
Անտոնինա Իվանովնան գրիչը դրեց և աչքերը հառեց ամուսնու երեսին։
— Այդպես մի՛ վարվեք,— կրկնեց Սմբատը,— դուք կարող եք նրան չսիրել և նա ձեզ, բայց երեխաների զգացմունքները բռնաբարելու իրավունք չունեք։
— Ես նրանց զգացումները չեմ բռնաբարում։
— Դուք նրանց մեջ զարգացնում եք ատելություն դեպի իմ մայրը։ Ես այդ վաղուց եմ նկատել։
— Սխալվում եք. ես միայն չեմ ուզում, որ նրանք ուրիշների ազդեցության ենթարկվեն։
— Այդ ի՞նչ ասել է։