Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աչքեր, ի՛նչ սիրուն նայվածք, ի՛նչ նուրբ շրթունքներ և ճակատ։

— Ես ուզում եմ նրա հետ մոտիկ ծանոթանալ, — ավելացրեց Միքայելը,— բայց ինչպես երևում է, հպարտ է։

Նա միայն համեստ է,— նկատեց Սմբատը հակիրճ և ընդհատեց խոսակցությունը։

Մի ուրիշ անգամ Միքայելն ասաց օրիորդի մասին մի քանի արյունահույզ խոսքեր։ Սմբատը վրդովվեց և գոչեց հանկարծ.

— Հանգիստ թո՛ղ այդ աղջկան...

— Օհօ՜, աչքերդ կարմրեցին, ձայնդ դողաց, չլինի՞ թե սիրահարված ես։ Սիրելիս, քեզ չի վայելում, հասկանո՞ւմ ես, նա իմն է։

Կատակը Սմբատին թվաց զզվելի, և նա պահանջեց եղբորից, որ օրիորդի մասին խոսի հարգանքով։

— Ինչ ուզում ես ասա,— նկատեց Միքայելը,— նա ինձ դուր է գալիս, համեղ դեսերտ է...

— Ես քեզ խնդրում եմ հանգիստ թողնել այդ աղջկան,— կրկնեց Սմբատը հուզված, և նրա ձայնի մեջ զգացվեց ատելություն։

Խոսակցությունը տեղի ուներ կառքի մեջ, հանքերից վերադառնալու ժամանակ։ Միքայելը լռեց և մինչև քաղաք հասնելը երկու եղբայր այլևս ոչ մի խոսք չասացին։

Սմբատն այժմ բնակվում էր թեև մոր ու եղբյարների հետ միևնույն տանը, բայց գրեթե բաժան։ Ընդարձակ տան մեջ նրա ընտանիքին հատկացրել էին հինգ մեծ սենյակներ։ Մի նեղ և երկայն անցք երկու բնակարանները բաժանում էին միմյանցից։ Հարս ու սկեսուր հանդիպում էին միայն ճաշի միջոցին։ Թեյ էին խմում, ընթրում, նախաճաշում առանձին։ Փոխադարձ սառնությունը, որ սկսվել էր առաջին օրից, չէր մեղմանում և ոչ մի կողմից։ Նույնիսկ երեխաները չէին կարողանում իբրև հաշտության օղակ ծառայել։ Մայրը մեծ մասամբ նրանց պահում էր իր աչքերի առջև։ Տատը թեև արդեն սիրում էր նրանց, բայց հոգու խորքում չէր հաշտվում այն մտքի հետ, թե նրանք իր հարազատ թոռներն են։