Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճյուղերը, տատանվում էր օդի մեջ անհեն, չէր ուզում ճյուղերը բնիցը պոկեր բայց չէր էլ կարողանում բաժանվել նրանցից։

Ինչո՞ւ սիրեց այդ կնոջը։ Ինչո՞ւ չհասկացավ, որ մարդկային կյանքում ահագին դեր են խաղում ծնունդը, շրջանը, ավանդություններն ու սովորությունները։ Նրա հոր ոտները դեռ կրում էին ասիական քոշերի հետքերը, իսկ ինքը ճգնում էր մի քանի դար նրան առաջել, միայն մի սերունդ առաջելու փոխարեն։ Էվոլյուցիոն ո՞ր օրենքով արդյոք։ Կրթությունը տարբեր շրջանների անհատների մեջ ստեղծում է մի տեսակ հավասարություն — համաձայն էր նա։ Բայց չէ՞ որ նույն կրթությունն անզոր է դարերով կազմակերպված ազգային կամ տեղական հատկանիշների հակադրությունը ջնջել, ինչպես անկտրող է սևահերին շիկահեր դարձնել և ընդհակառակը...

Նա զգում էր, որ այսուհետև փոխադարձ սառնությունը պիտի փոխվի փոխադարձ ատելության։ Կյանքն ընդհանրապես և ամուսնական կյանքը մասնավորապես համարում էր մանրությունների մի հյուսվածք։ Անձնական դժբախտ փաստերով փորձել էր, որ ամենաչնչին բաներից առաջանում է ամենախոշոր տհաճություն։ Ահա դրամայի հիմքը։ Եթե իր և կնոջ մեջ պատահում էին հակադիր ցանկությունների, հակադիր ձգտումների, հակադիր ճաշակների ընդհարումներ, դժվար չէր երևակայել, թե որպիսի ընդհարումներ պիտի տեղի ունենան իր կնոջ և իր մոր մեջ։ Պատկերացնում էր երկու հակառակ տարրեր — մեկը դրական, մյուսը բացասական և երևակայում իրեն մեջտեղ։ Գուշակում էր, որ այն բոլորը, ինչ որ անելու է մայրը, արժանանալու է կնոջ ծաղրին ու արհամարհանքին, նույնիսկ այն, որ մի նահապետական կին դեռ լավ չի սովորել պատառաքաղ գործածելը։ Եվ ընդհակառակը, այն բոլորը, ինչ որ անելու է կինը, հանդիպելու է մոր ատելության։

Եվ ահա ընդամենը երկու շաբաթ է նրանք միասին են, արդեն փոխադարձ ատելությունն արտահայտվում է։