Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և արդեն, կարծես, ծերացած է։ Փափագեց նրա հետ ծանոթանալ, և նրա փափագը շուտով կատարվեց։ Միքայելն ուղեկիցների հետ բարձրացավ այն հողային թումբը, ուր կանգնած էր օրիորդը հորեղբոր հետ։ Մոտեցավ բարևեց և հետո դարձավ տիկնոջը։

— Անտոնինա Իվանովնա, թույլ տվեք ներկայացնել, օրիորդ Զարգարյան և մեր կառավարչի օգնական Զարգարյան։

Տիկինը ձեռը անփույթ մեկնեց Շուշանիկին և հետո շարունակեց Միքայելին հարցեր տալ շատրվանի մասին։ Իսկ նրա եղբայրը, աչքերը պենսնեի տակից ճպճպելով, ինչ-որ շշնջաց Միքայելի ականջին։

Անտոնինա Իվանովնան չգիտեր ինչպես արտահայտեր իր զարմացումը և հիացումը շատրվանի վերաբերմամբ։ Նա սքանչանում էր բնության ուժից, մինչդեռ թուրքը շարժում էր նրա ծիծաղը։ Հետո սկսեց խոսել Շուշանիկի հետ, դիտելով նրան ուշադիր։

— Դուք կկամենայի՞ք այդպիսի շատրվան ունենալ,— հարցրեց նա հանկարծ․

— Ո՛չ,— պատասխանեց օրիորդը դրականապես։

Անտոնինա Իվանովնան մի սուր ու դիտող հայացք ձգեց օրիորդի վրա և շարունակեց ոչ առանց հեգնության.

— Ասում են, այստեղ կանայք էլ գժվում են շատրվանի համար։

— Չգիտեմ, տիկին։

— Տեսե՛ք, ինչպես է խփում, բոլորը ոսկի է, մի՞թե չէիք կամենալ այդ ոսկու տերը լինել։

Շուշանիկը զգում էր՝ տիկինը փորձում էր իրեն։ Զգում էր նաև տիկնոջ «ծաղրն այստեղի կանանց» շահամոլության վերաբերմամբ, ուստի ասաց․

— Մի՞թե կարծում եք, որ մարդու բախտավորությունը միայն ոսկու մեջ է։

— Կարծո՞ւմ եմ, ե՞ս։ Ինչո՞ւ չէ։

— Այն ժամանակ կարող եք ձեզ բախտավոր համարել։ Ոչ ոքի հորերն այնքան առատ նավթ չեն տալիս, որքան Ալիմյաններինը։