Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տիկինը շփոթվեց։ Զգաց, որ այդ, ըստ երևույթին, քաշվող օրիորդի հետ հեգնորեն խոսելը այնքան դյուրին բան չէ։ Նա թեքվեց եղբոր ականջին և շշնջաց․

— Հիմար աղջկա նման չէ։

— Շարմանտ,— պատասխանեց Ալեքսեյ Իվանովիչը, պենսնեն ուղղելով։

Շուշանիկը խնդրեց հորեղբորը տուն վերադառնալու։

— Պապան կնեղանա, արդեն տասներկու ժամն է։

— Գնանք,— ասաց Զարգարյանը։

— Ոտո՞վ պիտի գնաք,— հարցրեց Միքայելն ավելի կեղծ, քան անկեղծ զարմանալով։

— Ոտով։

— Երեք-չորս վերստ ճանապա՞րհը։ Սուլյան, մեղավորը դուք եք, ինչո՞ւ մինչև հիմա Ալիմյանների հանքերում մի քանի սեփական կառքեր չկան։ Ես հրամայում եմ, որ այսուհետև լինեն։

— Կգա՞ք ձեր հանքերը տեսնելու,— հարցրեց Շուշանիկը, ձեռը մեկնելով Անտոնինա Իվանովնային։

— Մեր հանքե՞րը... Կարելի է գամ։

— Զարգարյա՛ն,— դարձավ Միքայելն իր ստորադրյալին,— կանչեցե՛ք, խնդրեմ, իմ կառքը։ Համար ութերորդ։ «Հասան» կանչեցեք, կգա։ Օրիորդ, ես, միևնույն է, պիտի ձեր կողմերը գնամ իսկույն, Մուրսաղուլովի հանքերում գործ ունեմ։ Անտոնինա Իվանովնա, ինձ ներեցեք. Սուլյանը, իմ փոխարեն, այստեղ, ինչ որ հարկավոր է, կբացատրի, կուղեկցի... Երևի, դեռ մի քսան րոպե էլ կհիանաք այս սքանչելի տեսարանով։ Ես շուտով կգամ, շատ շուտով, և ձեզ կտանեմ մեր հանքերը։ Օրիորդ, ահա կառքը, խնդրեմ, խնդրեմ, առանց ցերեմոնիայի... Ալիմյանները հասարակ մարդիկ են, բոլորովին հասարակ...

Որքան օրիորդը շնորհակալություն հայտնելով մերժեց, որքան հավատացրեց, թե իր համար ոտով գնալն ավելի հաճելի է, ոչինչ չօգնեց։ Միքայելը թախանձում էր անվերջ, այնպես որ Դավիթ Զարգարյանը Շուշանիկի համառ մերժումը համարեց անքաղաքավարություն։ Օրիորդը շփոթվեց