Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

XVI

Մի քանի րոպե Շուշանիկը շվարած չգիտեր ինչ խոսեր։ Թվում էր նրան, որ մի աներևույթ ձեռ մի գույլ եռացրած ջուր հանկարծակի թափեց իր վրա այն պահին, երբ Միքայելին զգաց մոտը նստած: Այո՛, միայն զգաց, որովհետև չէր նայում նրա կողմը։

Այնինչ, կառքը բուրգերի երկու շարերի միջով արագ-արագ սլանում էր։ Ճանապարհն ավազուտ էր, նավթով տոգորված. ձիերի ոտներն արձակում էին խուլ դոփյուն։ Շուշանիկը մտքում հաշվեց, թե ամենաուշը քառորդ ժամում տուն կհասնի, և այն ժամանակ կարող է իրեն հաշիվ տալ անսպասելի դեպքի մասին։ Տեր աստված, ի՞նչ արեց։ Նա՞, այս աղքատ ընտանիքի զավակը նստած կառքում քաղաքի առաջին հարուստ երիտասարդներից մեկի հետ։ Ի՞նչ կմտածեն տեսնողները, ի՞նչ կխոսեն ծնողները, հորեղբայրը...

Միքայելը ձեռնափայտի ծայրով խփեց կառապանի թևին և ինչ-որ ասաց թուրքերեն։ Նա գիտեր, որ Շուշանիկը թուրքերեն չի հասկանում։

Կառքն ուղին փոխեց, սկսեց ընթանալ ճանապարհից դուրս հանքային շինությունների միջով, մի զառիվայր ուղիով։

— Կարծեմ, կառապանը սխալվում է,— ասաց Շուշանիկը, նայելով շուրջը։

— Չի սխալվում, օրիորդ, հմուտ կառապան է...

Միքայելի քաղաքավարի ձևերը, ձայնի մեղմությունը, զգույշ շարժումները մի քիչ հանգստացրին Շուշանիկին։ Մտածեց, որ վախենալու կամ շփոթվելու առիթ չունի։ Բոլորը գիտեն, որ Ալիմյանները Զարգարյանի տերերն են. իսկ Զարգարյանը — Շուշանիկի հորեղբայրը։ Ո՞վ կհամարձակվի բամբասել։ Վերջապես, մի՞թե արդեն աններելի է մի օրիորդի կառք նստել իր ծանոթի հետ, թեկուզ այդ ծանոթը չինի հարուստ, իսկ ինքը՝ աղքատ։

— Հավանեցի՞ք մեր հարսին,— խոսեց Միքայելը։