Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հորեղբոր ստիպիչ հայացքներից և հաղթահարված, գրեթե անգիտակցաբար կառք նստեց։

Շատրվանը, շարունակ որոտալով, բարձրանում էր վեր և, նորից սաստկացած քամու հոսանքի հետ չկարողանալով մրցել, ցրվում էր օդի մեջ անթիվ շիթերով։ Նավթի միլիոնավոր կաթիլները տարածվում էին հեռու ու հեռու։ Բախտավոր թուրքը բարձրաձայն ծիծաղում էր նավթային անձրևի տակ թրջվողների վրա, ձեռները զարկելով ծնկներին և մեջքից երկծալ թեքվելով։

Քաղաքից շարունակ կառքեր էին գալիս, բերելով հետաքրքրվողների նոր խմբեր։ Մի կառքից ցած իջան Մոսիկոն, Մելքոնը և Քյազիմ-բեգը։ Կառք նստելիս, Միքայելը նրանց խորհրդավոր նշան արավ դեմքով, և երիտասարդներն իրենց հայացքները բևեռեցին Շուշանիկի վրա։

Սև հեղուկը, ուժգին դուրս բխելով երկրի խորքից, հեղեղում էր բուրգերը, արհեստանոցները, կացարանները և մարդկանց։ Մթնոլորտի մեջ տարածվել էր ինչ-որ արբեցուցիչ բան։ Բոլորը ծիծաղում էին, քրքջում, միմյանց հրում որպես հարբածներ, և սև հեղուկի տակ գցում։

Մինչ Դավիթ Զարդարյանը շփոթված նայում էր, սպասելով, որ Միքայելը իրեն էլ պիտի հրավիրե կառք նստելու, մոխրագույն ձիերը սլացան։ Եվ կառքը մի քանի վայրկյանում անհետացավ սև բուրգերի հետևում։

— Զարմանալի ջենտլմեն է Միխայիլ Մարկիչը,— դարձավ Սուլյանն Անտոնինա Իվանովնային, միևնույն ժամանակ, մի կողմնակի հայացք ձգելով Զարգարյանի վրա։

— Այո՛... այդ երևում է— պատասխանեց տիկինը, նույնպես նայելով Զարգարյանին։

Եվ մի կես-հեգնական, կես-ցավակցական ժպիտ աղավաղեց նրա դեմքը...

— Իսկ ես կասեմ,— դարձավ Ալեքսեյ Իվանովիչը քրոջը,— այս երկրում հյուրասիրություև ասած բանը շատ էլ հարգի չէ․․․