Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միքայելը քանի գնում ոգևորվում էր։ Սուտ էր ասում, բայց այնքան հափշտակված, որ ինքն էլ չէր զգում սուտը։ Իրականը թաքցնելով` նկարագրում էր վեպերի մեջ կարդացածը համանման դեպքերի մասին։ Եղբոր լռությունը համարում էր հավանության նշան։ Ահա ինչու ապշեց, երբ լսեց.

— Միխա՛կ, քո արածն անբարոյականություն է։

Եվ Սմբատի ձայնի մեջ զգացվեց սրտի խորին հուզումը։

Միքայելը, ա՛յն Միքայելը, որի կամակոր հոգին չէր հանդուրժում ոչ միայն հանդիմանության, այլև սոսկ հակաճառության, շրթունքները զայրույթից կրծոտեց, բայց լռեց։ Հրապարակական անպատվությունը բավական խեղճացրել էր նրան։

— Սիրո անունով,— շարունակեց Սմբատը,— ես արդարացնում եմ ամեն գրություն։ Կարելի է սիրել ամուսնացած կնոջ, բայց քո պատմածի մեջ ես սեր չեմ տեսնում։ Երկուսդ էլ միմյանց խաբել եք և գողացել ուրիշների պատիվը, ահա ինչու արածդ անբարոյական է...

Միքայելը ձեռով խորին դժկամության նշան արավ և մոտեցավ լուսամուտին։ Եղբոր խոսքերը նրան թվացին ծանր և դառն, որովհետև զգաց նրանց արդարացիությունը։

Կես ժամ առաջ Սմբատը նրան համարում էր մարդկային կոպտության մի զոհ։ Այժմ նրա առջև կանգնած էր արդար զայրույթի մի արժանի պատժյալ։ Ո՛չ, դա արդեն անբարոյականություն չէ, այլ ուրիշ, ավելի վատ բան — դա հիվանդություն է, ախտ, կեղտոտ շրջանի մի վիժմունք: Խաբել մտերիմ ընկերոջ և նրա պատվի գնով հաճո՞ւյք վայելել — ահա ինչումն էր բուն ախտը Սմբատի հայացքներով։

Նա վեր կացավ և հանդարտ քայլերով դուրս գնաց: Զգում էր, որ եղբայրական սերն իր սրտում տեղ է տալիս զզվանքի զգացման։ Եվ դեռ Միքայելի պես մի մարդու խորհուրդ էր տալիս ամուսնանալ։ Եվ ո՞վ պիտի դառնար նրա զոհը։

Տասը ժամից սկսած Միքայելի ընկերները միմյանց հետևից եկան իրենց ցավակցությունը հայտնեն և իմանան ինչ է մտադիր անելու։ Ադիլբեկովն ու Նիասամիձեն տեսնվել էին Գրիշայի հետ և բացատրություն պահանջել։ Վիրավորողը