Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր հայտնել իր ապտակի շարժառիթը և միայն բարկացած ասել էր. «ինքը գիտե` ինչու համար խփեցի»։

Միքայելը նույնպես հրաժարվում էր բացատրություն տալուց և այսպիսով կրկնապատկում ընկերների հետաքրքրությունը։ Գլուխները շարժելով, տարակուսաբար նայեցին միմյանց երեսին։ Արդեն, երևի, պատճառը շատ մեծ է և խորհրդավոր, որ ոչ մի կողմը չի ուզում հայտնել։

Իշխան Նիասամիձեն ակնարկեց մենամարտության մասին, ձեռը խրոխտաբար դնելով դաշույնի դաստապանի վրա։ Միքայելն ասաց, թե իր ասածից հետ չի կանգնում և կրկին անգամ խնդրեց իր ընկերներին գնալ և իսկույն Գրիշայի հետ մենամարտության ժամանակը որոշել։

Ադիլբեկովը քայլերն ուղղեց դեպի դռները։ Նա հույս ուներ վկա լինելու մի ասպետական տեսարանի, որի մասին գաղափար ուներ միայն վեպերից ու բեմական ներկայացումներից:

— Սպասի՛ր,— ասաց սպան, հետ կանչելով տաքարյուն թուրքին,— գործը պետք է վարել արվեստաբար։

Նա բարկացած էր Գրիշայի դեմ. ինչո՞ւ հենց նրա երեկույթի երեկոն ընտրեց ապտակի համար և ղրկեց նրան հարուստ «պարտնյորներից»։ Նա մի փոքրիկ դասախոսություն արավ մենամարտության մասին և իրեն էլ առաջարկեց Միքայելի կողմից սեկունդանտ։

Մելքոնն ու Մովսեսն այն կարծիքին էին, թե Գրիշան կարող է Միքայելից ներում խնդրել ընկերների մոտ, և խնդիրն այսպիսով կլուծվի։ Ի՞նչ կարիք կա գործը բարդացնելու։

Իրավաբան Փեյքարյանը պնդում էր, թե մենամարտությունը մի քիչ հնացած սովորույթ է։ Դատարան կա, օրենքներ կան, ergo Հաբեթյանի վարմունքը կարելի է պատմել։

Պապաշան կրկնում էր. «ըըը դատարկ բան է»։ Նրա կարծիքով, չարժեր մի ապտակի համար աշխարհ դղրդացնել։

— Ջահիլ էր, տաքացավ, ըըը ձեռ բարձրացրեց։ Ի՜նչ բան է մի սիլլան։ Քո յաշին ես ըըը այնքան ըըը սիլլա եմ կերել, վըեր երեսիս կաշին լա՛ տվարի կաշի ա ըըը կտրալ...