Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկեղծ ատելության, ապա թշնամանքի։ Բոլորը զինվեցին Սմբատի դեմ։

Պարզվեց, որ ներքնահարկում պահվող ոսկով լի տոպրակներն անգործ մարդկանց վառ երևակայության ծնունդ են եղել։ Ծերունին զուտ դրամ է թողել միայն տոկոսաբեր թղթերի մեջ, այն էլ ընդամենը չորս-հինգ հարյուր հազար ռուբլի։ Մնացյալ հարստությունը պարունակվում էր անշարժ կալվածքների, հանքերի, գործարանների և երկու շոգենավի մեջ։ Տրեխների գոյությունը տակավին չէր երևում։ Լուր տարածվեց, թե հանգուցյալը կտակել է դնել նրանց իր դագաղի մեջ և հետը թաղել: Դյուրահավատ մարդիկ հոգեհանգստի ժամանակ մոտենում էին աղայի դագաղին, որ տեսնեն նվիրական ոտնամանները։ Սակայն այնտեղ ոչինչ չկար, բացի ծերունու մոմի գույն ընդունած դիակից սև ռեդինկոտի մեջ։

Կիրակի օրը վաղ առավոտից Ալիմյանների տանն ասեղ գցելու տեղ չկար։ Հանգուցյալի դագաղն իրենց ուսերի վրա դուրս տանել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ թաղման հանդեսի գլխավոր կարգադրիչ Սրաֆիոն Գասպարիչին անգամ հերթ չհասավ։ Նա կատաղեց մարդկային կեղծիքի դեմ և ասում էր բարձրաձայն.

— Անիծվածնե՛ր, քանի մարդը կենդանի էր, բամբասում էիք, զրպարտում, հացը գլխին հարամ անում, հիմա ի՞նչ պատահեց, որ հանկարծ բարեկամացաք... Իշտահներդ կապեցեք. Սմբատը խելքը չի կորցրել...

Պատարագիչն ազատամիտ Տեր-Աշոտն էր, չոր-չոր դեմքով մի երիտասարդ քահանա, որ մի լրագրի աշխատակից էր և մի տեսակ փորձանք մյուս քահանաների գլխին։ Թեմական առաջնորդ Եփրեմ եպիսկոպոս Փիրվերդյանը նույն առավոտ էր եկել թեմի կենտրոնից` թաղմանը ներկա լինելու համար։ Սյուների մեկի առջև, փայտաշեն ամպհովանու տակ կանգնած, մտքում շարադրում էր «ավուրպատշաճի» քարոզ։

Մոմերով շրջապատված և պսակներով ծածկված դագաղի առջև կանգնած էին երեք եղբայրները` երեք տարբեր խոհերով և զգացումներով։