Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր Սմբատի իրավասությանը։ Այրիին նշանակում էր կրտսեր որդու խնամակալ մինչև չափահասություն։

Նշանավոր էր այն պայմանը, որ հանգուցյալը գնում էր Միքայելի ժառանգական իրավունքների վերաբերմամբ։ Նշանակում էր նրան ամսական ընդամենը մի հարյուր ռուբլի գրպանի ծախք, բայց իրավունք էր տալիս իր բաժին ժառանգությանը տիրանալու, եթե միայն կամուսնանա և անպատճառ «հայ-լուսավորչական» մի աղջկա հետ։ Հակառակ դեպքում ցմահ պիտի բավականանար իր համեստ ամսականով։ Իսկ ամուսնանալ կարող էր միայն իր շռայլ կենցաղը փոխելուց հետո։

Ավելի նշանավորը մի ուրիշ կետ էր։ Սմբատն իրավունք չուներ իր բաժին ժառանգությունը կտակել ո՛չ իր «օտարազգի» կնոջը և ո՛չ իր զավակներին։ Եթե կբաժանվի այժմյան կնոջից, իրավունք ձեռք կբերի ամուսնանալ մի հայ աղջկա հետ, այն ժամանակ նոր կնոջից եղած զավակները կհամարվեն նրա օրինական ժառանգները։

Կտակը ջարդուփշուր արավ շատ իրավացի և ապօրինի հույսեր։ Շատերին դառնացրեց և ամենից ավելի Մարութխանյանին։ Այս մարդը համոզված էր, որ ժառանգության մի որոշ մասը պիտի ստանա իր կինը։ Նա կատաղեց, բայց իր ներսում. կտակը կարդացվելիս նրա դեմքի մկանունքը չշարժվեց, միայն կանաչ-դեղնագույն աչքերի մեջ փայլեց մի անսովոր չարամտություն։ Թեքվելով կնոջ ականջին, նա շշնջաց.

— Այդ կտակն ապօրինի է։

Կինը զարմացած նայեց նրա երեսին։

Մարդը շարունակեց։

— Հայրդ նրան գրել է տվել հոգեկան հիվանդության մեջ։ Դա կտակ չէ, այլ խրատ` մի ապուշ քահանայի ձեռքով։ Դատարանը չի հաստատիլ նրան։ Հեռանանք այս տնից։ Այստեղ, բացի Միքայելից, ամենքը մեր թշնամիները կլինեն... շուտով կտեսնես...

Եվ կնոջը չսպասելով, Մարութխանյանը քայլերն ուղղեց դեպի դռները` գլուխը բարձր պահած։ Ազգականների կեղծ վշտակցությունը, հարկավ, փոխվեց