Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա մի վայրկյան կանգ առավ, շրթունքները կրծոտեց, որ իր մեջ խեղդի ինչ-որ դառնություն։

— Գործեցե՛ք, ինչ սխալ կամենում եք, հետո առանձնության ժամանակ հարցրեք ձեր ներքին դատավորին, և նա ձեզ կտա ձեր վարմունքի ամենախիստ, բայց և ամենաճիշտ քննությունը։ Միայն եղեք անկեղծ ձեզ հետ։ Միայն մի՛ թույլ տվեք, որ քննադատի ձայնը խլանա ձեր մեջ կողմնակի ձայներով։ Իսկ այս շատ դյուրին է, երբ բնազդումը նիրհած է։

Մի քանիսը նրա միտքը չհասկացան, իսկ մյուսները պնդեցին իրենց ասածը։

Միքայելը ոչինչ չէր ասում։

— Ուրեմն չե՞ք թողնում ձեր եղբորը «Գիշայի հետ մենամարտել։

— Հարցրե՛ք եղբորիցս, ես միայն իմ կարծիքը հայտնեցի,— պատասխանեց Սմբատը։

— Բարեկամ,— ասաց իրավաբան Փեյքարյանը,— ձեր ասածները գեղեցիկ են, բայց միայն գեղեցիկ — ուրիշ ոչինչ։ Իմ խելքս էլ նույնն է թելադրում, բայց այլ է խելքի թելադրածը, ա՛յլ է զգացմունքների պահանջը։ Փիլիսոփայությամբ պատիվ վերականգնել չի կարելի։

— Դրա դեմ խոսք չունիմ, իմ ասածն առողջ տրամաբանության ծնունդ է,— ասաց Սմբատը և լռեց։

— Այդպես ուրեմն, ձեզ մնում է զիջանել փիլիսոփայության, քանի որ մեր ընկերոջ զգացումները լռում են,— ասաց սպան և ոտքի կանգնեց։

— Ի՞նչ կասես,— հարցրեց Ադիլբեկովը Միքայելին։

— Տատանվո՞ւմ ես,— արտասանեց Նիասամիձեն կիսահեգնաբար...

— Թողեք ինձ հանգիստ, հետո իմ վճիռը կհայտնեմ,— ասաց վերջապես Միքայելը։

Բոլորը դուրս գնացին դժգոհ իրենց ընկերոջ անորոշ վարմունքից։

Զգալի էր, որ Սմբատի խոսքերը Միքայելի վրա գործեցին որոշ ազդեցություն։ Երբ ընկերները հեռացան, նա դարձավ եղբորը.

— Բայց ինչպե՞ս մաքրեմ իմ պատիվը։