Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մելքոնը.— իմ կարծիքով, Գրիշային մենք, ընկերներս միայն կարող ենք արժանի պատիժ տալ:

Խորին հեգնության մի ժպիտ անցավ Սմբատի դեմքով։ Ընկերական դա՜տ։ Օ՜օ, նա շատ է տեսել այդպիսի դատեր և այժմ չի կարող ընկերական դատավորների կոմիկական լրջությունն առանց ծիծաղի հիշել։ Նրանք միշտ հիշեցրել են նրան օպերետային նոտարներին և դատավորներին։ Ո՛չ, այդ հաստատությունը լուրջ մարդկանց համար չի մտածված։ Ընկերական դատին դիմում են թուլամիտները, այո՛, թուլամիտները, ուրիշների կարծիքի ստրուկները։ Նրանք, որոնք չգիտեն իրենց արածը գնահատել։ Ինքնասեր և առողջամիտ մարդը երբեք չի հարցնիլ ընկերոջը. «ի՞նչ կասես, բարեկամ, ես խելո՞ք եմ, թե հիմար, բարոյակա՞ն, թե՞ անբարոյական»։ Նա ինքը գիտե իր գինը։

— Մենք միմյանց հետ կռվում ենք և վեց տարեկան երեխաների պես, վազում ուրիշների գլխին. «ի սեր աստծո, ասացեք, մենք ինչո՞ւ կռվեցինք» կամ «ո՞րն է մեզանից խելոք»։ Չեմ կարծում, որ ավելի ծիծաղելի դրություն լինի։

— Դրուստ է ասում, աֆերիմ, ըըը, շատ դրուստ է ասում,— հավաներ Պապաշան,— ընկերական դատս ո՞րն է, մոռացի՛ր ըըը, Մեխակ ջան, մոռացի՛ր...

— Դուք բոլորը հերքեցիք,— ասաց իրավաբանը,— բայց դատն ինչպե՞ս պարզել: Ո՞ւմ դիմել։

— Ո՞ւմ դիմել։— Մեր ներքին դատավորին։ Ինչպե՞ս պարզել դատը։ Ինքնաքննությամբ։

Բոլորը նայեցին միմյանց երեսին, չհասկանալով Սմբատի միտքը։

— Այո՛,— շարունակեց Սմբատը,— այս է մեր դատարանը, նաև մեր պատժարանը։ Պարոննե՛ր, յուրաքանչյուր մարդ բաղկացած է երկու տարրերից։ Մեկը գործողն է, մյուսը` քննողը։ Գործողն իր վարմունքների մեջ շատ հազիվ է ղեկավարվում քննողի թելադրությամբ — ահա մեր սխալների աղբյուրը։ Մեր արածների ինը տասներորդականը բնազդման ծնունդ են։ Եվ, դժբախտաբար, շատ անգամ կյանքի նույնիսկ ամենաբարդ խնդիրները բնազդումով ենք վճռում և հետո... հետո դառն զղջում։