Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում, սե՞ր, ո՛չ, այլ միայն սիրո պահանջը։ Դու չար դևի զոհն ես, ես՝ բարի հրեշտակի։

Նա լռեց, հառաչեց, ճակատը տրորելով։ Սեփական դժբախտության զգացումը նրա մեջ խառնվել էր եղբայրական կարեկցության զգացման հետ, և նա չգիտեր, որի վրա կանգ առնի։

Հանկարծ նկատեց մի անսպասելի և անիմանալի բան։ Արտասուքի քանի մի կաթիլներ, դուրս գալով Միքայելի աչքերից, գլորվեցին գունատ այտերի վրա։ Ի՞նչ է նշանակում այդ,— բորբոքված պատվասիրության կայծե՞ր, բարկությո՞ւն, թե զղջում։ Ինչ և լինի — փչացած մի երիտասարդ արտասվում է, և այդ վատ նշան չէ։ Կնշանակե դեռ կա նրա սրտում չապականված անկյուն, մի առողջ մասնիկ։

Սմբատը մոտեցավ նրան, ձեռը դրեց ուսին և հուզված ձայնով ասաց.

— Մեխա՛կ, դու վատ ես սկսել, կարող ես լավ վերջացնել, իսկ ե՞ս... ես գուցե՝ ընդհակառակը...

Եվ, երեսը դարձնելով՝ հանդարտ քայլերով դուրս գնաց։