Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

I

Այրի Ոսկեհատն իրեն համարում էր աշխարհի երեսին մայրերից ամենաանբախտը։ Մեծ որդին աղավաղեց իր երիտասարդ կյանքը, ամուսնանալով օտարուհու հետ։ Այժմ նրա ո՛չ խորին պատկառանքը, ո՛չ անկեղծ որդիական սերը չեն կարող Ոսկեհատի սրտից ջնջել արմատացած վիշտը։ Թող Սմբատը, որքան ուզում է, լինի խելոք, աշխատասեր, խնայող, բարի, նրա արած սխալն արժե շատ հանցանքների իր մոր աչքում։ Նա ինքը կրում է իր սխալի հետևանքները, նա տխուր է, մռայլ, ի՞նչպես կարող է բախտավոր լինել նրա մայրը։

Միքայելն արդեն անուղղելի որդի է։ Նրա կենցաղը հուսահատեցնում է Ոսկեհատին. շռայլում է, առանց վաստակելու, մաշելով օրերը թղթախաղի սեղանների մոտ, անվայել զվարճությունների մեջ, անբաժան ընկերների հետ։ Օր-օրի վրա նրա առողջությունը քայքայվում է։ Այժմ ի՞նչ է մնացել մի ժամանակվա առողջ ու գեղեցիկ Միքայելից։— Մի զույգ խորը թաղված աչքեր, կաշի ու ոսկոր — ուրիշ ոչինչ։ Ի՞նչպես Ոսկեհատը չողբա նրա մասին։

Աղջիկը, Մարթան, բախտավո՞ր է արդյոք։ Ո՛չ, նրա կյանքը մի ուրախալի բան չի ներկայացնում Ոսկեհատի համար։ Մի որդին դեղնած, մաշված, հինգ տարեկան է, դեռ