Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրինավոր ման գալ չէր կարողանում, մյուս որդին նույնպես հիվանդոտ, օր-օրի վրա սպասում են մեռնելուն։ Ասում են, նրանց հայրը վարակված է եղել ինչ-որ հիվանդությունով։ Ա՜խ, այդ մարդը, հարուստ, աչքաբաց, խելքը գլխին, բայց միշտ լալիս է, միշտ գանգատվում, թե աղքատ է, և կնոջն էլ է ստիպում գանգատվել։ Ամեն օր Մարթան գալիս է արտասուքն աչքերին, աղաչում, որ իրեն բաժին տան հոր ժառանգությունից։ Կռվում է մոր հետ, թունավորում նրա առանց այն էլ անբախտ կյանքը, սպառնում է ինչ-որ դատ բանալ եղբայրների դեմ։ Էհ, դա էլ աղջիկ...

Ոսկեհատը հույս ուներ մխիթարվել գոնե փոքր որդով— Արշակով։ Բայց այս վերջին հույսն էլ չի արդարանում։ Արշակը, որի լեզուն հազիվ ազատվել է մանկական կապանքներից, արդեն սկսել է այն ոճով խոսել մոր հետ, որպես չի խոսել նույնիսկ Միքայելը։

Նախատինքին նախատինքով է պատասխանում, սպառնալիքի դեմ սպառնալիք կարդում, խրատներ ու աղերսները ծաղրում ու արհամարհում։ Դպրոցից տուն է գալիս թե չէ, նախաճաշ է պահանջում։ Վայ, եթե մի րոպե ուշացրին. կատաղում է, փրփրում, բոլորին հայհոյում և քիչ է մնում երբեմն դատարկ ափսեն մոր գլխին շպրտի։ Հետո անհետանում է ամբողջ օրով։ Գիշերները երկու ժամից առաջ տուն չի գալիս, իսկ շատ անգամ մինչև լույս էլ դրսերումն է մնում։ Քանի-քանի անգամ Սրաֆիոն Գասպարիչը և Միքայելը նրան տեսել են անբարոյական պատանիների հետ ծովի վրա մակույկով շրջագայելիս, այգիներում կասկածելի կանանց հետ զբոսնելիս, երբեմն նույնիսկ հարբած, իսկ մի անգամ էլ ծեծվելիս թուրքերի ձեռքում։

Տեր աստված, տեր աստված, այս ի՞նչ երկնային պատիժ է, ի՞նչ մեծ մեղք է գործել Ոսկեհատը։ Եվ կան դեռ անխելք կանայք, որ նախանձում են նրան։ Ա՜խ, չի ուզում նա այդքան հարստությունը․ խլեցե՛ք նրանից այդ տները, քարվանսարաները, հանքերը, գործարանները և փոխարենը տվեք միայն մայրական բախտ։

Սրաֆիոն Գասպարիչը պնդում էր, թե չպիտի Արշակի ձեռը փող տալ, թե հենց փողն է նրան փչացնում։