— Ա՜յ նորություն,— գոչեց Արշակը, արդեն կատաղելով։— Ե՞ս, գնամ Սմբատից իրավո՞ւնք ստանամ իմ փողերի համար։ Միքայելը ծախսի ինչքան քեֆն է, իսկ ես մի հարյուր ռուբլու համար նրան աղաչե՞մ․․․ բա՛ց արա սնդուկդ, ասում եմ...
Ծերունին համառեց։ Այն ժամանակ Արշակը գոռաց, ոտները խփեց հատակին, հայհոյեց Սմբատին էլ, Միքայելին էլ, ծերունուն էլ և կրկին վազեց վերև։ Այս րոպեիս, առանց հետաձգելու, թող նրան տան հարյուր, ոչ, հարյուր բավական չէ, երկու հարյուր, երեք հարյուր ռուբլի։
— Փող չունիմ, որդի, չունիմ,— կրկնեց այրին, թեյի բաժակը, դառնացած, հեռացնելով բերանից։
Եվ սաստիկ զղջաց։ Պատանին բաց արավ մունդիրի կոճակները, հանեց գրպանից ատրճանակը և ուղղեց իր կրծքին։ Կամ՛ փող, կա՛մ մահ — ահա թե ով է Արշակ Ալիմյանը։
— Իմ պատիվը կարող է արատավորվել։ Օրենքով թղթախաղի պարտքը պիտի վճարել քսանուչորս ժամում։ Ես Ալիմյանների անունը կոտրել չեմ ուզում, հասկանո՞ւմ ես...
Այրին ոչինչ չէր հասկանամ։ Նա միայն տեսավ փայլուն զենքը որդու ձեռքում, արձակեց մի սուր ճիչ և, ուշաթափվելով, տարածվեց տաճկական շքեղ թախտի վրա։
Կանչեցին Սմբատին, և միայն նա կարողացավ ատրճանակը խլել Արշակից։
Երբ այրին ուշքի եկավ, առաջին խոսքն էր․
— Փող տվեք նրան, աստված սիրեք, տվեք՝ ինչքան ուզում է։
Բայց Արշակն արդեն չքացել էր։ Երեք որ նրան փնտրում էին, չէին գտնում։ Այրին փետտում էր մազերը, կեղեքում կուրծքը, անիծում եղբորն ու մեծ որդուն։ Ինչ-որ հարյուր— երկու հարյուր ռուբլու համար կործանեցին նրա զավակին։ Արշակն իրեն ծովն է գցել ու խեղդվել. փնտրեցե՛ք նրա դիակը։
Չորրորդ օրը պատանուն գտան իր դասընկերներից մեկի տանը՝ երեսնիվայր հագստով քնած։ Գիշերվա կիսին