եկել էր այնտեղ, ապաստան խնդրել, ցեխոտ, հարբած ծեծված։
Անկանոն կյանքն ու անքուն գիշերներն արդեն իրենց կնիքը դրոշմել էին տասնուվեց տարեկան պատանու դեմքի վրա։ Զուր կլիներ նրա աչքերի մեջ որոնել պատանեկական անապական հոգու արտափայլում։ Նա թվում էր հասակից առնվազն տասը տարով մեծ։ Օր-օրի վրա երեսը դալկանում էր, երկայնանում, աչքերի տակ կապտավուն խորշերը լայնանում էին, ճակատի երակներն ավելի ու ավելի որոշ գծավորվում։
Մի օր Սմբատը միմյանց հետևից լսեց երկու անախորժ նորություններ։ Առավոտն Անտոնինա Իվանովնան նեղ ու երկայն անցքի ծայրում, որ նրա բնակարանը բաժանում էր տան մյուս բաժիններից, հանդիպել էր մի անվայել տեսարանի. Արշակը տիկնոջ երիտասարդ աղախնին գրկել, համբուրել էր այնքան գրգռված, որ չգիտեր թե իր արտասանած կրքոտ խասքերը կարող էին լսվել։
Պատմելով եղելությունը Անտոնինա Իվանովնան նկարագրեց և համանման ուրիշ դեպքեր, որոնց ինքը պատահաբար վկա էր եղել։ Նա սկսեց պախարակել Ալիմյանների ամբողջ ընտանիքը, իբրև բարոյապես փչացած մի շրջան, ուր ամեն ինչ քայքայվում է ու նեխվում և ուր չի կարող ոչ մի առողջ անհատ մնալ։
Սմբատին վիրավորեց կնոջ ծայրահեղ կարծիքը։ Հոգու խորքում նա ակամա մասամբ համաձայն էր այդ կարծիքի հետ. բայց ինչո՞ւ չի ցավում այդ կինը, այլ միայն պարսավում է։
— Ինչո՞ւ պիտի ցավեմ,— գոչեց տիկինը,— քանի որ ոչ ոք այս տանն իմ մասին չի ցավում։ Այս ընտանիքի մեջ ես օտար եմ, ինչպես մի անկոչ հյուր. ոչ մի կապ իմ և նրա մեջ չեմ տեսնում։ Ինձ թվում է, որ ձեր եղբայրները պատրաստ են ամեն քայլում ինձ վիրավորել։
— Ձեզ, տիկին, ամեն բան թվում է, այս ընտանիքի վերաբերմամբ դուք բարոյական դայլտոնիզմ ունեք։ Դուք կատաղում եք իմ եղբոր դեմ. բայց ինչո՞ւ չեք կատաղում ձեր աղախնի դեմ։ Գուցե նա է առիթ տվել...