հիվանդությունը, բայց համոզեցին, որ հսկողությունն անհրաժեշտ է՝ ընկերների վատ ազդեցությունից պաշտպանելու համար։
— Հա՛, ընկերները, ընկերները. իմ որդիներիս փչացնողները հենց նրանք են,— ասաց Ոսկեհատը և, նայելով Սմբատի աչքերին, ավելացրեց.— քեզ էլ նրանք են խելքից հանել, թե չէ դու չէիր անիլ այդ բանը...
Նույն միջոցներին Սմբատի օրերը կատարելապես թունավորված էին։ Ընտանեկան ընդհարումները քանի գնում այնքան սուր կերպարանք էին ստանում։ Այլևս մարդ ու կին իրենց չէին զսպում, չէին աշխատում քողարկել օրգանական դարձած փոխադարձ ատելությունը։
Անտոնինա Իվանովնան ուղղակի անիծում էր այն օրը, երբ հանդիպեց Սմբատին։ Դա ճակատագրի մի դառն հեգնություն էր և ոչ փոխադարձ սեր։ Նա համարում էր Սմբատին ազնիվ ու խելոք մարդ, բայց իր և նրա մեջ զգում էր խոր անդունդ։ Նա գիտեր՝ ինչ է այդ անդունդը և գիտենալով հանդերձ զգում էր, որ անզոր է հսկայական բույլ անել անդունդն անցնելու համար։ Վաղուց զգացած խուլ հակակրությունը դեպի ամուսնու շրջանը այժմ դառնում էր ավելի ու ավելի բացարձակ այրի Ոսկեհատի և տիկին Մարութխանյանի բուռն ատելության շնորհիվ։
Քսանուերեք տարեկան էր Սմբատը, երբ հանդիպեց քսանուվեց տարեկան Անտոնինա Իվանովնային։ Անվերադառնալի ժամանակներ, երիտասարդական առաջին շրջանի անցողիկ վայրկյաններ, որ այնքան թանկ նստեցիք նրան։ Վառ երևակայությունը մի հասարակ ուսանողուհու աստվածացրեց Տուրգենևի ու Տոլստոյի վեպերի ազդեցությամբ։ Հափշտակվեց Անտոնինա Իվանովնան անվախ զգացումներով և կյանքի մասին ունեցած համարձակ հայացքներով։ Բայց շուտով Անտոնինա Իվանովնան կորցրեց նրա աչքում իր հրապույրը ոչ միայն իբրև կյանքի ընկերուհի, այլև իբրև կին։ Անդունդը փորվեց այն պահից, երբ մարդ ու կին հասկացան, որ իրենց բարոյական շահերը շատ հանգամանքներում չեն հաշտվում և չեն կարող երբեք հաշտվել, որքան ևս զիջող և ներողամիտ լինեն փոխադարձ։ Կային