Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ Սմբատը զգար, թե անծանոթը զուր չկատարեր իր «բարոյական պարտքը»։

— Ինչո՞ւ չես բժշկվում։

— Ինչո՞ւ պիտի բժշկվեմ, ես հիվանդ չեմ,— պատասխանեց Արշակը, մատներով խաղալով մունդիրի կոճակների հետ։

— Այո՛, այդ արդեն երևում է ունքերիցդ ու թերթերունքներիցդ։ Զարմանալի է, որ ես նոր եմ ուշադրություն դարձնում։ Այս րոպեիս գնանք բժշկի մոտ...

Արշակը շատ աշխատեց ազատվել եղբոր ձեռքից, բայց չկարողացավ։ Սմբատը, գրեթե ուժով, նրան տարավ դուրս, կառք նստեցրեց։ Բժշկի մանրամասն քննությունը վավերացրեց վտանգավոր հիվանդության գոյությունը։ Ախտն առաջին շրջանն արդեն բոլորել էր, բայց դարմանելու հույս կար։ Սոսկալի՜ երևույթ․ այդ պատանին չծաղկած թառամում էր, որպես ճանապարհի եզրին բուսած ծաղիկ, որ վաղաժամ դալկանում է ու կեղտոտվում անցորդների ոտների ուտիչ փոշուց։

— Չկարծեք, թե այդ առաջին օրինակն է,— ասաց բժիշկը, որ մի բարեսիրտ գերմանացի էր,— հենց այժմ իմ ձեռքի տակ երկու պացիենտ էլ ունիմ ճիշտ ձեր եղբոր հասակի։

Կարծես, այս էր պակաս Սմբատի դառնության բաժակը լրացնելու համար։ Նա հոգում էր մի եղբոր մասին, այնինչ, մյուսը դուրս էր գալիս ավելի ապականված և այն էլ մատաղ հասակում։

Սմբատը գաղտնիքը հայտնեց միայն Սրաֆիոն Գասպարիչին։ Որոշեցին վարձել մի մարդ, որի պարտքը լինի հսկել Արշակին և թույլ չտալ շվայտությունները շարունակելու։ Այսուհետև պատանին առանց այդ մարդու տնից չպիտի դուրս գար։ Վճռվեց դպրոցից նրան դուրս բերել. թող անկիրթ մնա, կյանքն ուսումից թանկ է։ Արշակը հակառակեց, բողոքեց իր գլխին նշանակված հսկիչի դեմ, բայց հպատակվեց։ Նրա սենյակում դրեցին առանձին անկողնակալ՝ հսկիչի համար և այսպիսով պատանուն դարձրին մի տեսակ բանտարկյալ։ Այրիին չհայտնեցին որդու սոսկալի