գերդաստանի գերագույն արատ... Իսկ ա՜յժմ... նա եկել է ու կանգնել որպես տեր և իշխանավոր...
Այլ էին Սմբատի զգացումները։ Մռայլ մտքերի մեջ խորասուզված, գլուխը կրծքին թեքած, կանգնած էր որպես մի տեսակ դատապարտյալ։ Որքա՜ն հիշողություններ էին վերականգնել նրա մեջ, որպիսի՜ ծանր մտքեր էին ալեկոծում նրա ուղեղն այն հարազատ միջավայրում, ուր շատ տարիներ էր չէր եղել և որն այսօր կարծես հրում էր նրան որպես մի խորթ, անհարազատ տարր։ Շա՞տ տարիներ. ո՛չ, ընդամենը ութ տարի։ Բայց թվում էր նրան, որ իր կյանքի այս վերջին քառորդում ապրել էր, խորհել, զգացել ավելի, քան առաջ։ Եվ ինչ-որ անխորտակելի պատնեշ այդ ութ տարիները բաժանում էին նրան անցյալից։ Եվ ոչինչ նմանություն գոյության այդ երկու շրջանների մեջ, ոչ մի աննշան կապ։ Դեռ մի շաբաթ առաջ նա կարծում էր, թե առմիշտ անջատվել էր մերձավորներից և երբե՛ք, երբե՛ք չպիտի վերադառնա ծնողների հարկի տակ: Հայրն անիծել էր նրան և զզվանքով հեռացրել իրենից և ինքն էլ կարծում էր, որ արդեն մոռացել է նրան։ Իսկ երբ ստացավ ծերունու մահամերձ լինելու հեռագիրը, մի վայրկյանում ամեն ինչ տակն ու վրա եղավ նրա սրտի մեջ։ Երկու տող գիրը վայրկենաբար ալեկոծեց նրա մեջ սառած որդիական զգացումները` որպես ուժեղ ձեռքով արձակված մի քար նիրհած լիճը, և նա նորեն իր հոգու խորքում զգաց ջերմություն դեպի անցյալը։ Եվ այժմ նա հոր դագաղի առջև լալիս էր և լալիս էր անկեղծ, դառն արցունքներ թափելով սրտի մեջ։ Կծու վիշտը մերթ ընդ մերթ ցնցում էր նրան ոտքից մինչև գլուխ։ Թվում էր նրան, թե ինքը, միայն և միմիայն ինքն է պատճառը ծերունու մահվան, ինքը` իր անուղղելի սխալով։ Չէ՞ որ այդ երկաթե առողջության տեր մարդը կարող էր ապրել դեռ շատ տարիներ, չէ՞ որ հոգեկան տանջանքներն էին վաղաժամ քայքայել նրա մարմինը...
Սակայն վշտանալով, ողբալով ու ինքն իրեն դատապարտելով հանդերձ, նա այժմ էլ զգում էր, որ իր և այն ծանոթ միջավայրի, այս մերձավոր և ընտանի դեմքերի մեջ բարձրացած պատնեշն անխորտակելի է...