Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բեմ բարձրացավ եպիսկոպոսը և սկսեց փքուն խոսքերով դրվատել հանգուցյալի քանի մի բարեգործական նվերները, որ ոչինչ էին նրա հարստության համեմատ։

— Էջմիածնի վանքին հինգ հազար, Ճեմարանին հինգ հազար, մեր Մարդասիրական ընկերությանը տասը հազար, ուսումնարանին մի հազար, աղքատանոցին երեք հազար։ Թո՛ղ օրհնվի հանգուցյալի անբասիր հիշատակը, թո՛ղ աստված բյուր ի բյուրոց վարձատրե նրա ազնվազարմ ժառանգներին, թո՛ղ հանգուցյալի այս լուսապայծառ և երկնաճաճանչ գործը ծառայե օրինակ բոլոր ազգայնոց համար։

Եվ այլն, և այլն, և այլն...

Պատարագն ավարտվեց, հոգեհանգիստը կատարվեց, դիակը դուրս տարան։

Երբ թաղման հանդեսը վերջացավ, արդեն երեք ժամն էր։

Հակառակ նորամուծ սովորության, այրի Ոսկեհատը պահանջել էր, որ հանգուցյալի հիշատակին այնպիսի մի հոգեճաշ տրվի, որի նմանը եղած չլիներ։ Սմբատը համաձայնություն էր տվել՝ հակառակ իր հայացքներին, չկամենալով մորը վշտացնել։

Հուղարկավորների մեծ մասը ցրվեց, բայց և այնպես սգավորների ընդարձակ բնակարանը լցվեց։ Բոլորը քաղցած էին և անհամբեր սպասում էին ճաշի` նույնիսկ պատարագի կեսից սկսած։ Սպիտակ մաքուր սփռոցների վրա դարսած առատ ուտելիքները և գինու փայլուն շշերն ամենքի ախորժակն էին գրգռում։ Տեր-Սիմոնը — Ալիմյանների քահանան, որ պատվավոր քաղաքացիների հետ անցել էր առանձին սենյակ, առաջարկեց հանգուցյալի հոգու բաժակը։ Նրան ձայնակցեցին «ազատամիտ» Տեր-Աշոտը և «պահպանողական» Տեր-Սահակը, և «աստված հոգին լուսավորե» դարձվածքն անցավ սենյակից սենյակ և շատերին տրամադրեց լավ խմելու։ Գինու և օղիի բաժակները դատարկվեցին, դանակ-պատառաքաղներն սկսեցին գործել, մետաղի ու ափսեների հնչյունները խափանեցին ընդհանուր լռությունը։ Տեսարանն սկզբում հիշեցնում էր էջմիածնի վանական ճաշարանը՝ իր քարե սեղաններով։ Հյուրերն ուտում էին անխոս,