ձեռ բարձրացնողը։ Սպանելը քիչ է, պիտի կախաղան բարձրացնել, ո՛չ, ձգել նավթահորի մեջ խեղդել։
— Ես մի խաղաղ մարդ եմ, որովհետև, ինչ կուզեք ասեք, գիտությունը մարդու մեջ սպանում է վայրենի ինստինկտները: Բայց, եթե թույլ տաք, հինգ անդամ կապտակեմ այդ վայրենուն։ Գոնե պետք է հասկացնել, որ կան մարդիկ, որոնց վրա ոչ մի ձեռք չպիտի բարձրանա։ Ալիմյաններն ինչ-որ Հաբեթյաններ չեն...
Նրա խոսքն ընդհատվեց Մարութխանյան ամուսինների գալստով։ Երեք օր էր նրանք նույն ժամին այցելում էին և չէին հաջողում Միքայելին տեսնել։ Իր սենյակում փակված՝ նա ոչ ոքի չէր ընդունում։
Տիկին Մարթան սկսեց հայհոյել Հաբեթյանի մորը, քույրերին ու բոլոր ազգականուհիներին, հայտնի չէր ինչու, հանգիստ թողնելով արական սեռը։ Նրա կարմրախայտ այտերի շուրջը կապտեց, երկարավուն քթի պնչերը դողացին, բարակ շրթունքները դեղնեցին։ Այդ կինը, որ նոր էր սգից դուրս եկել, հագնված էր ամենավերջին տարազով, բայց որպես մի անշնորհք, սակայն գեղեցիկ դերասանուհի կամ առաջին կարգի կոկետուհի։ Նրա ահագին գլխարկը զարդարված էր ամեն գույնի փետուրներով ու ծաղիկներով, իսկ մետաքսյա վարդագույն կիռասի թևերն այնքան լայն էին ուսերի կողմում և նեղ բազուկների վրա, որ նա նմանում էր չինական ծաղկամանի։
Մարութխանյանը նույն կարծիքի էր, ինչ որ իրավաբան Փեյքարյանը. պետք է գանգատվել դատարանին։
— Ամեն բան դատարանի ձեռքով, ամեն բան, - կրկնեց նա խորհրդավոր եղանակով, - ժամանակներս այսպես են, ինչ արած։
— Չէ՛, Իսակ, չէ, դա շատ քիչ է, — գոչեց Մարթան, որ բազկաթոռի վրա հանդարտ չէր կարողանում նստել, մերթ պտտում էր եղբոր, մերթ ամուսնու ու մերթ Սուլյանի կողմը, ինչպես լարված պաճուճապատանք։
— Այդ գյադային մի լավ պիտի ծեծել տալ։ Գիտե՞ս ինչպես. գցել հենց կլուբում, ուրիշների առաջ, ծեծել, ծեծել ու ծեծել։ Այնպես չէ՞, պարոն Սուլյան։