Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սուլյանը մի ինչ-որ անորոշ շարժում արավ գլխով։ Ով գիտե՝ Իսակ Մարութխանյանն ինչ մարդ է, հանկարծ դրսում մի անզգույշ խոսք կասի, և Հաբեթյանը լսելով, կարող է Սուլյանին էլ թշնամի համարել։ Այժմ նա մտածում էր տիկին Մարթայի մասին, մերթ ընդ մերթ նրա վրա գաղտուկ իմաստալի հայացքներ ձգելով։ Նա չէր ուզում, որ տիկինը կատաղի, որովհետև այդ տգեղացնում էր նրա դեմքը։ Երբ Մարթան, ազատվելով սրտի առաջին մաղձից, հանդարտվեց, սկսեց սիրալիր ժպտալ ինժեներին, աշխատելով, սակայն, որ իր ժպիտները չնկատվեն ամուսնուց ու եղբորից։ Եվ խորամանկ ամուսինը, որի սրատես աչքերից առևտրական աշխարհում ոչ մի չնչին երևույթ խույս չէր տալիս, իր կնոջ վերաբերմամբ առհասարակ բավական կարճատես էր..․

Իբրև զգույշ և հասկացող մարդ, Սուլյանր զգաց, որ այժմ ինքն ավելորդ է ընտանեկան շրջանում։ Հրաժեշտ տալիս նրա փոքրիկ աչքերը մի քանի վայրկյան սևեռվեցին Մարթայի աչքերին այն պահին, երբ տիկնոջ չոր-չոր մատներր ցնցվեցին նրա ձեռքի մեջ:

— Հիմա կարող ենք մեր մեջ խոսել մեր ընտանեկան ցավերի մասին, — ասաց տիկինը, Սուլյանի դուրս գնալուց հետո։ — Արի, Միքայել, խոստովանիր, որ մեր եղբայրը մարդ չէ։ Եթե մարդ լիներ, հենց այսօր թշնամուդ գլուխը ջարդ ու փշուր կաներ։ Ա՜խ, Մեխակ, ուրիշներն էլ եղբայր ունեն, մենք էլ... Զրկում է մեզ հերիք չէ, պատիվներս էլ ուրիշների մոտ չի պաշտպանում։ Է՜հ, տերը նրա հետ, թող ինքն իր պատիվը պաշտպանի, եթե կարող է, - շարունակեց տիկինը, իսկույն փոխելով խոսքը, - միայն մեզ հանգիստ թողնի։ Հենց այդ է, որ հանգիստ չի թողնում, ինչ կա, բերել է ու մեր գլխին ձգել այդ կնոջն իր լակոտներով։ Աչքս լույս, իմ խեղճ հայրն արյուն-քրտինքով փող աշխատի, մի օտարուհի գա, տիրանա՞... Հապա դա աստված կվերցնի՞, Մեխակ... դու՛ ասա...

Իսակ Մարութխանյանը լսում էր լուռ, թույլ տալով կնոջը շարունակել նույն ուղղությամբ։ Նա գիտեր իր լարած մեքենայի զորությունը, գիտեր, որ Մարթան մինչև որ Միքայելին նորից չգրգռի Սմբատի դեմ, չպիտի լռի։