— Ինչո՞ւ մինչև հիմա մեզ վիզիտ չի անում,— շարունակեց Մարթան, նորից, հետզհետե տաքանալով,— հարցնող լինի, ո՞վ է, ո՞ւմ աղջիկն է։ եկել է թե չէ, մեր մոր օրը սևացրել է։ Խեղճ ծնողս ամեն օր աղի արտասուք է թափոմ։ Մեխա՛կ ջան, պետք է Սմբատին խելքի բերել։ նա մեր անունը խայտառակեց հայերի մեջ։ Ի՞նչ է քո վզին նստեցրել այդ քոծին...
Նա զարմացավ։ Այս անգամ Միքայելն անուշադիր էր դեպի իր դրդումները։ Կատաղեց և սկսեց ավելի պարսավել Անտոնինա Իվանովնային։ Բանն այնտեղ հասավ, որ չխնայեց եղբոր կնոջ բարոյական վարքն անգամ և ուղղակի կասկած հայտնեց նրա անցյալի մասին…
— Մարթա՛,— գոչեց, վերջապես, Միքայելը,— մի քիչ քաղաքավարի խոսիր. այդ կինը մեր եղբոր ամուսինն է, նրա երեխաների մայրը…
— Օհօ՜, օհօ՜, օհօ՜,— կրկնեց Մարթան, գրեթե նստած տեղը պարելով,—ա՜յ նոր բան։ Դու նրանց կող՞մն ես անցել, ուրեմն այդ կնիկը քեզ էլ է կախարդել…
Իսակը նոր միայն սկսեց կամաց-կամաց հանել ձախ ձեռքի ձեռնոցը։ Դա նշան էր, որ պատրաստվում է արդեն կնոջն օգնելու։
— Այսօր ես,— սկսեց նա հանդարտ, աչքով անելով Մարթային, որ լռի,— այսօր ես փաստաբանին ասացի, որ դատարանին խնդիր տա։
— Ինչի՞ մասին,— հարցրեց Միքայելը, թեև գիտեր տեսան ինչի մասին էր խոսում։
— Մեր դատի. կարծում եմ արդեն ժամանակն է։
— Չի՞ կարելի, արդյոք, մի քիչ էլ հետաձգել։
— Ինչու չէ, կարելի է,— պատասխանեց Մարութխանյանը, վարտիքի ծնկները սրբելով, թեև այնտեղ ոչինչ չկար,— երևի, խոստանում է կամավոր մեր բաժինը տալ, հը՞մ…
Մինչև այժմ Միքայելն անցուդարձ էր անում։ Լսելով փեսայի վերջին խոսքերը նայեց նրա երեսին, նստեց դեմուդեմ և, ոտը ձգելով ոտի վրա, ասաց.