Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մտավ ներս, բարձրացավ մի փոքրիկ սանդուղքով, անցավ էլեկտրական փոքրիկ լապտերով լուսավորված նախասենյակը։ Նրա մարմնին տիրեց անսովոր ջերմություն, զգաց, որ արյունն ուժգին հոսում է դեպի գլուխը, սիրտն արագ-արագ բաբախում։ Բայց հետ չդարձավ։ Մատներով զարկեց դռներին։ Եվ ներսից լսվեց ծանոթ ձայնը։

— Մտե՛ք։

III

Երկու ընկեր, որ տասնհինգ տարի միասին աղուհաց էին կերել, միմյանց սիրել ու պաշտպանել, այժմ կանգնած են դեմուդեմ իբրև թշնամիներ։ Այս միտքը կայծակի արագությամբ անցավ Գրիգոր Հաբեթյանի գլխով, երբ դռների մեջ տեսավ Միքայելի կերպարանքը։ Նա շփոթվեց, չիմացավ թույլ տալ նրան ներս մտնելու, թե ծառային հրամայի վռնդել։ Հետո մտածեց, որ վիրավորվածը եկել է անձամբ հաշիվ պահանջելու։ Վաղուց էր հարկավոր. չէ՞ որ Գրիշան ապտակը հենց դիտմամբ այնքան բազմության մեջ տվեց, որ ավելի վիրավորի Միքայելին և ստիպի նրան իրենից անպատճառ հաշիվ պահանջելու։

Նա նստած էր պարսկական փոքրիկ թախտի վրա և ծխում էր պարսկական նարգիլե, խալաթը հագին, գլխին տաճկական ֆես: Ծխափողը փաթաթելով ջրամանի երկայն պարանոցին, հանդարտ վեր կացավ տեղից և մոտեցավ գրասեղանին։

Միքայելը լուռ մի քանի քայլ առաջ եկավ: Գդակը դնելով աթոռի վրա, ձեռով տրորեց ճակատը։ Նա գիտեր ուր է եկել և ինչու համար, բայց չգիտեր ինչպես սկսի այն, որ ուզում էր ասել։ Նա տակավին կռվում էր ինքն իր հետ, աշխատելով զսպել վիրավորված պատվի զգացումը և կատարել այն պարտքը, որ թելադրում էր սիրտը և հալածում նրան գիշեր-ցերեկ երեք օր շարունակ։

— Խոսելո՞ւ ես, թե՞ չէ,— արտասանեց Գրիշան, առանց նայելու նրան։