Նա ծանր նստեց աթոռի վրա և մեջքը հենելով սեղանին՝ աչքերը հառեց հյուրի երեսին, զզվանքով լի աչքերը։ Միքայելը ներքին հուզումից զանազան ներվային շարժումներ է անում։ Նա զգում էր, որ ստորացնում է ինքն իրեն իր թշնամու առջև, բայց ներքին ձայնը շշնջում էր. «ուրիշ կերպ չէի՛ր կարող վարվել»։
— Գրիշա,— սկսեց նա, ձեռը դնելով առջևում գտնվող աթոռի մեջքին,— ես եկել եմ բացատրություն տալու։
— Այսինքն՝ պահանջելու։
— Ո՛չ, տալու,— կրկնեց նա ավելի համարձակ,— համարիր ինձ վախկոտ կամ հիմար, բայց ես եկա... Ինձ ստիպեցին գալու։ Դու բոլորը չգիտես. ինձ վիրավորեցիր, բայց բոլորը չգիտես։ Մենք թշնամիներ ենք, թշնամիներ էլ կմնանք, միայն լսիր ինձ...
Եվ նա պատմեց բոլորը, սկսած առաջին օրից, երբ հափշտակվեց Անուշով, մինչև վերջին այցը: Այլևս նրա պատմությունը չուներ ռոմանտիկական բնավորություն։ Խոստովանում էր ծանր հանցանքը, բայց բացատրում էր, որ մեղավորը միայն ինքը չէ։ Նա ոչինչ չէր կարող անել, եթե Անուշը հրեր նրան իրենից։ Չհրեց, ընդհակառակը, խրախուսեց, իսկ նա, ինչպես երիտասարդ, մոլորվեց, խելքը կորցրեց, մոռացավ և՛ ամոթ, և՛ պատկառանք, և՛ ընկերոջ սեփական պատիվ։ Նա իրեն արդարացնելու համար չի ասում այս, այլ միայն սիրտը թեթևացնելու, խղճի խայթը մեղմացնելու համար։ Ա՜խ, շատ թանկ կվճարեր իր սխալն ուղղելու համար, բայց ի՞նչ անի այժմ։ նա պատրաստ է ամեն կերպ գոհացում տալ Գրիշային, միայն թե կարողանա արդարանալ ինքն իր խղճի առջև։
Այս էր նրա երբեմն հորդահոս, երբեմն անկապ խոսքերի բուն իմաստը։
Գրիշան լսում էր լուռ և զարմանում։ Ի՞նչ է նշանակում այդ. ծաղրո՞ւմ է նրան Ալիմյանը, թե՞ վախեցել է, թե՞ խելագարվել։ Այսպես թե այնպես — դա մի այնպիսի քայլ էր, որին երբեք չէր կարող սպասել Ալիմյանի կողմից, չէր անիլ և՛ ինքը։
— Դու զարմանո՞ւմ ես,— շարունակեց Միքայելը դողդոջուն