Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզում, - գոչեց Գրիշան մոլեգին, բռունցքն ուժգին զարկելով սեղանին։

Միքայելն անշարժ էր․ այլևս նրա համար բոլորը մի էր, կվռնդեն իրեն, թե կծեծեն։ Նա արավ այն, ինչ որ բռնի պահանջում էր սիրտը։

Գրիշան արմունկները հենեց սեղանին, գլուխը դրեց ձեռների ափերի մեջ, երեսն ամոթիր ծածկելով։ Նա ամաչում էր իր քրոջ փոխարեն։ Նա այնքան թեթևամիտ չէր, որ չկարողանար կշռադատել իրողությունը։ Գիտեր ըմբռնել իրերի էությունը և որքան մեղավոր էր համարում Միքայելն, կրկնակի դատապարտում էր քրոջը։ Միքայելը կանգնած էր անշարժ։ Նայում էր նախկին ընկերոջ հաստ պարանոցին, որի երակները փքվել էին և դողդողում։ Կար ժամանակ, որ այդ առողջ, զվարճամոլ մարդը միշտ նրան ներշնչում էր ուրախություն։ Սիրում էր նրան ավելի, քան մյուս բոլոր ընկերներին։ Համարում էր նրան բարեսիրտ, նույնիսկ վեհանձն։ Տասնուհինգ տարի, այո՛, ընկերներ էին եղել, միասին անցկացրել հազարավոր զվարճալի օրեր ու գիշերներ և երբեք միմյանց դառն խոսքով անգամ չէին վիրավորել։ Եվ հանկարծ այսօր մեկը գողանում է մյուսի պատիվը։ Ճիշտ որ նա անպատկառ է, անխիղճ և չի կարող այս տունն ապականել իր ներկայությամբ։ Թող ապտակն այրի նրա դեմքը կրակի պես, դա ամենափոքր պատիժն է նրա ամենամեծ հանցանքի համար։

— Եթե դու մի փոքր ազնիվ լինեիր,— խոսեց Գրիշան, գլուխը բարձրացնելով,— ուրիշ կերպ ինձ բավականություն կտայիր։ Բայց ես քեզ ճանաչում եմ, դու երբեք այդքան քաջություն չես ունենալ․․․ Դու հասկանում ես, ինչ եմ ասում, իմ քույրն իր մարդու հետ այսուհետև ապրել չի կարող, պիտի բաժանվի նրանից...

Միքայելը ցնցվեց։ Գրիշայի ասածը հասկացավ, նաև զգաց նրա խոսքերի ճշմարտությունը։ Այն միտքը, թե նա իր կյանքը պիտի կապի ատելի դարձած մի կնոջ հետ, սարսափեցրեց նրան։ Այնուամենայնիվ նա ասաց հաստատ եղանակով.