ձայնով,— այսքան խեղճացած տեսնելով ինձ։ Ես կկատաղեի, եթե երեկ ինձ ասեին, թե պիտի գամ այստեղ և ներողություն խնդրեմ։ Գրիշա՛, չես կարող երևակայել, թե ինչ է կատարվում իմ մեջ։ Այս երեք օրվա ընթացքում ես ապրել եմ ավելի, քան ամբողջ կյանքումս։ Խիղճս տանջում է ինձ, որ այնպես վիրավորել եմ քեզ։ Խոստովանելով իմ մեղքը, կարծում եմ, գոնե մի փոքր կարող եմ թեթևացնել սիրտս․․․
— Եվ մարսել ապտակս,— ավելացրեց Գրիշան դառն արհաարհանքով։ Արյունը խփեց Միքայելի գլխին։ Մի ակնթարթում նա կորցրեց ինքն իրեն։
— Ապտա՜կը,— կրկնեց նա մի քայլ հետ կանգնելով։
Վայրկյանը տագնապալի էր։ Արդեն Գրիշան կարծում էր, թե հակառակորդը պիտի հարձակվի իր վրա։ Նա պատրաոստվեց պաշտպանվելու։ Բայց Միքայելը ցնցվեց, նորից ուշքի եկավ. մի՞թե չէր երդվել զսպել իրեն։ Նորից պայծառ կերպարանքը նկարվեց նրա աչքերի առջև։ Եվ այդ վայրկյանին նրա սրտում զարթնեց կյանքի մի այնպիսի սեր, որ երբեք չէր զգացել։ Նրա ձեռները թուլացան։ Գլուխը թեքվելով կրծքին՝ արտասանեց.
— Դու ունեիր իրավունք ինձ սպանել անգամ...
Գրիշան աչքերը չէր հեռացնում նրանից, դիտելով նրա յուրաքանչյուր շարժումը։ Նա զգաց մի ինչ-որ կարեկցություն դեպի նախկին ընկերը և մտածեց. արդյոք, չափից դուրս խիստ չի՞ վարվում նրա հետ։ Սակայն հանցա՞նքը, մի՞թե ավելի մեծ պատժի արժանի չէ, մի՞թե նա դեռ պիտի խոսի այդ ապականված, անգութ մարդու հետ, այն էլ իր տանը։
— Տասնուհինգ տարվա մեր կերած աղուհացը դու ամենաանամոթ կերպով ոտնատակ արիր, այժմ ի՞նչ ես ուզում ինձանից, անպատկառ, ասա․․․
— Ոչինչ, միայն եկել եմ ներողություն խնդրելու, հետո, հետո կարող ես վարվել ինձ հետ, ինչպես կամենաս, հետո ես ոչնչից չեմ վախենալ։
— Դո՜ւրս, դո՛ւրս իմ տնից, ես ձայնդ անգամ լսել չեմ