Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երբեմն ծաղրն այնքան պարզ էր, որ Պետրոսը պատրաստ էր հարձակվել սրա ու նրա վրա վիրավորված վարազի պես։ Այսպես, օրինակ՝ մի երեկո խանութում, դրամարկղի փողերը գործակատարիդ ընդունելիս, դռների առջև տեսավ երկու ծանոթ դեմքեր։ Մեկը Մովսեսն էր, մյուսը՝ Քյազիմ-բեգը։ Մովսեսը բութ մատները մտցրել էր ականջները, իսկ ցուցամատերը եղջյուրների ձևով վերև բարձրացրել. Քյազիմ-բեգը, բեղերը սրբելով, հըռ-հըռ ծիծաղում էր։ Նրանք մի քիչ հարբած էին, նոր էին ավարտել մի ճաշկերույթ, որ Պապաշան՝ տվել էր ի պատիվ մի նորեկ անգլիացի թղթակցի։

Պետրոսը գուշակեց նրանց վիրավորական ակնարկը, դուրս թռավ դրամարկղի հետևից և կանգնեց խանութի շեմքում։

— Մենք Միքայել Ալիմովին ենք փնտրում, այստեղ չէ՞,— հարցրեց Մովսեսը սատանայաբար։

— Չեսթ իմեյո՛ւ կլանիցա,— ավելացրեց Քյազիմ-բեգը, կոլորակ գդակը բարձրացնելով։

— Շառլատաննե՜ր,— գոչեց Պետրոսը կատաղած և ուզեց ձեռներով խեղդել Մովսեսին։

Մովսեսն շտապով առավ Քյազիմ-բեգի թևը, և խանութից հեռացան։

Հարկավ, այս բոլորից հետո, այլևս անհարմար էր դավաճան կնոջ հետ մի հարկի տակ ապրելը։ Պետրոսն Անուշին վռնդեց իր տնից, կանխապես մի քանի բռունցքներ տալով նրա հաստլիկ ուսերին։ Սակայն այսքանը բավական չէր։ Նա գիտեր, որ հասարակությունը պահանջում է՝ պատմել նաև իր կնոջ մոլորեցնողին. եթե չպատմի, բոլորն էլ իրեն համարելու են վախկոտ, աննամուս։ Գրիշայի ապտակը նա շատ քիչ էր համարում։ Ի՜նչ է մի ապտակը մի տղամարդու համար, պետք է պատմել զգալի կերպով։ Բայց ի՞նչպես — ահա խնդիրը։ Մանկությունից սովորել էր միշտ գլուխ թեքել, միշտ խոնարհվել, միշտ շողոքորթել և քծնել իրենից հարուստներին ու զորավորներին, նրա մեջ արմատացել էր օրգանական երկյուղ դեպի Ալիմյանները։ Ինչպե՞ս ձեռ բարձրացներ Միքայել Ալիմյանի վրա, որին նա