Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձր էր համարում իրենից այնքան, որքան ռուբլին կոպեկից:

Բայց Պետրոսը շատ էլ զուրկ չէր հնարագիտության շնորհքից։ Մի անգամ խանութից տուն վերադառնալիս՝ փողոցի մթության մեջ հանդիպեց մի ծանոթ թուրքի։ Չուխայի աջ փեշը ձախ կռնատակին բռնած, թուրքը գողնովի մոտեցավ, բարևեց և հարցրեց «աղայի առողջության» մասին։ Պետրոսը հասկացավ, որ սրիկան ծախսի փող չունի։ Գրպանից հանեց երեք ռուբլի՝ սովորական տուրքը տալու, և այդ պահին մի հրաշալի միտք լուսավորեց նրա ուղեղը։

— Ուզո՞ւմ ես փող աշխատել,— հարցրեց թուրքին շշնջյունով։

— Ծառադ եմ,— արտասանեց թուրքը խորհրդավոր։

— Գնա՞նք։

— Հրամայի՛ր․․․

Պետրոսը քայլեց առաջ․ թուրքը հետ մնաց։ Մի քիչ կանգնելով, որ «աղան» հեռանա, նա գողնովի քայլ առ քայլ հետևեց նրան, աչքերը հածելով․․․

Իսկ խայտառակված Անուշը, արտասուքն աչքերին վազեց մոր գլխին։ Ուրիշ ո՞ւր պիտի գնար։ Հասարակական բամբասանքը, օդի պես ամենուրեք թափանցելով հասել էր պառավ մոր ականջին արդեն, առանց Գրիշայի գիտակցության։ Մայրն անիծեց աղջկան, բայց փողոց վռնդելու չափ խստություն չունեցավ։ Դա թեև նահապետական մի կին էր, բայց կյանքի ձմռանը շատ էր լսել ժամանակակից կանանց դավաճանությունների մասին։ Սեփական դստեր արարքը վիրավորեց լոկ նրա մայրական զգացումը, առանց ազդելու կանացի ամոթխածության վրա։ Այժմ ո՞վ չի դավաճանում իր մարդուն, միայն ինչո՞ւ նրա աղջիկն էլ մոլորվեց։

Դառն կշտամբանքի ժամանակ Գրիշան ասաց քրոջը մի քանի կոպիտ խոսքեր։ Անուշն այնքան խեղճացել էր, որ արտասուքն աչքերին աղերսեց եղբորը խնայել իրեն և շատ էլ խիստ չվարվել հետը։

— Ինչպե՞ս խնայեմ, երբ միայն ինքնասպանությունը կարող է քեզ ազատել իմ զզվանքից,— ասաց Գրիշան։

Ինքնասպանությո՞ւն,— ո՛չ, Անուշը չի կարող կյանքից