Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կես ժամ, մի ժամ, շտապում էր այցելել Զարդարյաններին և այնտեղ մնում էր ժամերով։

Աղքատիկ ընտանիքն ընդունում էր նրան ոչ իբրև իր տիրոջ կամ մի հարուստ հանքատիրոջ, այլ իբրև բարեկամի։ Ոչ ոք չէր նեղվում նրա ներկայությամբ, ոչ ոքի չէին ձանձրացնում նրա հաճախակի այցերը, նույնիսկ անդամալույծին։ Իսկ նա... Նա սիրում էր զրուցել Դավիթ Զարգարյանի հետ և ոչ միայն իր գործերի, այլև հասարակական երևույթների մասին։ Այդ զրույցների ժամանակ նրա հայացքն ակամա կանգ էր առնում Շուշանիկի վրա։ Օրիորդը անբաժան շալն ուսերին ձգած, գլուխը թեթևակի ուսերին թեքած, ուշադիր լսում էր իր հորեղբոր և հյուրի տաք վիճաբանությունները։ Երբեմն նա ոգևորվում էր, մոռանում ինքն իրեն և խոսակցությունը երկարացնում ավելի, քան պահանջում էր քաղաքավարությունը։ Պատահում էր, որ նրա հետ վիճում էր Շուշանիկը, երբ խոսակցությունը վերաբերում էր օրիորդի մտքին մատչելի խնդիրներին։ Այդ միջոցներին Սմբատի ճակատի կնճիռները բացվում էին, դեմքը պայծառանում էր, աչքերն արտահայտում էին խորին հոգեկան հաճույք։

Հեռանալով աղքատիկ բնակարանից, շատ անգամ ճանապարհին ընկղմվում էր մտքերի հարածուփ օվկիանոսի մեջ։ Մերթ տխրում էր, մերթ ուրախանում մտքում, մտաբերելով Շուշանիկին, որ օր-օրի վրա դառնում էր լռիկ, մելամաղձոտ։ Տխրում էր, հիշելով իր անուղղելի սխալը, հիշելով իր սիրեցյալ զավակներին։ Ուրախանում էր, զգալով այն տպավորությունը, որ գործում է ինքը Շուշանիկի վրա։ Բայց զգում էր, միևնույն ժամանակ, որ իրավունք չունի այդ տկար էակի խուլ արտահայտված համակրանքի վրա։ Գիտեր, որ իր հաճախակի այցերն օր-օրի վրա զորացնում են այդ համակրանքը․ նա կարդում էր օրիորդի հոգու ելևէջները՝ նրա պարզ դեմքի վրա և հետզհետե մռայլվող աչքերի մեջ։ Ահա ինչու իրեն պարտավոր համարեց դադարել այցելելու Զարդարյաններին։ Սակայն իզուր. ամեն անդամ հանքերը գալիս' անհաղթելի ուժից մղվում էր դեպի աղքատիկ բնակարանը։