Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

րոպեիս Էլի խողովակը ծովեց նոր հորի մեջ, խաթաբալի մեջ ընկավ։ Տասը րոպե ինձ ներիր, իսկույն կգամ։ Կանչիր ծառային, ինչ որ քեֆդ է, հրամայիր, որ պատրաստի քեզ համար։ Ա՜խ, հոր փորողների վիզը կոտրվի...

Նա թողեց հյուրին մենակ և չքացավ։

Միքայելը հագուստով պառկեց անկողնակալի վրա և, ձեռները դնելով գլխատակին, աչքերը հառեց սևացած առաստաղին։ Միայն այժմ էր պարզվում նրա համար իր արարքի ամենամթին խավարը, միայն այժմ էր խիղճը գործադրում իր ամենասուր ասեղները։ Մի կողմից իր կրքերի զոհ Անուշը, մյուս կողմից՝ անկոչ դատավորի արհամարհանքով լի կերպարանքը։ Մի կողմից՝ անսահման զզվանք, մյուս կողմից՝ բարոյական վեհերություն մի աղքատ աղջկա առջև։ Այնտեղ՝ մոտիկ անցյալն իր բոլոր քստմնելի գույներով, այստեղ ներկան անորոշ, մթին, հուսահատական։ Զզվելով Անուշից, մղվում էր դեպի Շուշանիկը։ Ատելով մեկին, չէր ընդունվում մյուսից, և զգում էր իրեն մի տեսակ կախարդական շրջանի մեջ։ Որպես կրակի մեջ օղակված կարիճ՝ մնում էր նրան սեփական թունավոր ասեղը ցցել կրծքին և ինքնասպանությամբ վերջացնել կյանքը։ Բայց աներևույթ ձեռը նրան կաշկանդում էր և մի ներքին հզոր ձայն անընդհատ շշնջում. «դու փչացած ես, մաքրի՛ր քեզ»։ Մաքրի՛ր, որ արժանանաս մաքուր էակի հարգանքին։ Ա՜խ, այդ էակը, արդյոք, ի՜նչ է նրա բարոյական ուժը, որ այսպես ճնշում է նրան և ստիպում միշտ մտածել իր մասին։ Ահա նա․ կանգնած լուսավոր սեղանի քով, թեյ է պատրաստում հյուրերի համար, միշտ հայացքը հառած Սմբատի երեսին, միշտ նրան ականջ դնելով և նրա հետ խոսելով։ Մի՞թե, ճշմարիտ, սիրում է։ Եթե այո՛, մի՞թե չի նախագուշակում իր սիրո դժբախտ հետևանքը։ Իսկ Սմբա՜տը, արդյոք կա՞ նրա սրտում զգացում այդ աղջկա վերաբերմամբ։ Եթե կա, ինչո՞ւ պարզ չի արտահայտում։ Սակայն, ո՞վ գիտե, գուցե արդեն արտահայտել է, և այժմ Միքայելն անգիտակցաբար կատարում է մի ծիծաղելի դեր։

Նորից նրա վիրավորված ինքնասիրությունը բորբոքվեց։ Նա կատաղում էր ոչ այնքան Սմբատի, որքան