Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շուշանիկի դեմ։ Եթե այդ աղջիկը լիներ հարուստ, փայլուն ընտանիքի մի զավակ կամ առաջնակարգ գեղեցկուհի, հասկանալի կլիներ։ Բայց նա ոչ այս է, ոչ այն. ուրեմն, ի՞նչ մի գաղտնի ուժ կա նրա մեջ, որ միաժամանակ հափշտակում է երկու եղբորը և ակամա ձգում նրանց մեջ խուլ գժտություն։ Ո՛չ․ չարժե մտածել այդ «ոչնչության» մասին, պիտի դեն շպրտել նրան մտքից։ Քաղաքը լի է նրա նմաններով. առաջին պատահած աղջիկը կարող է փոխարինել նրան։ Միքայելն ինքն է արվեստական կերպով այդ չնչին էակին իդեալացնում և դնում ինչ-որ անմատչելի բարձրության վրա։

— Անիծվի ինձ նման հանքատիրոջ օրը,— լսվեց Օսեփ ապոր ձայնը,— որքան գլուխս պատերին եմ տալիս, բան չի դուրս գալիս։

Նա գլխարկը շպրտեց մի կողմ և մոտեցավ լվացարանին՝ լվացվելու։

— Հը՞մ, ի՞նչ պատվիրեցիր ընթրիքի համար,— հարցրեց նա սապոնի փրփուրը քսելով երեսին։

— Ոչինչ չեմ պատվիրել և ոչինչ էլ հարկավոր չէ։ Խնդրեմ, նեղություն չքաշես, եկել եմ միայն մի քիչ հանգստանալու այստեղ։

Շուտով սենյակի մթնոլորտը թվաց նրան սուղ, անտանելի։ Նա մտածեց, որ այս պահին, երբ ինքը պառկած է ծերունու տխուր սենյակում, այնտեղ, այն լուսավոր սեղանի քով նրան մտքում ծաղրում է Շուշանիկը։ Նա ոտքի կանգնեց, և այդ միջոցին մի մարդկային կերպարանք դրսից հայտնվեց լուսամուտի առջև և իսկույն չքացավ։ Օսեփը մոտեցավ, նայեց և ոչ ոքի չտեսավ։

— Դու գնու՞մ ես,— հարցրեց նա հյուրին։

— Այո՛, ներիր, գլուխս ցավում է։

— Ի՞նչ է պատահել քեզ, դու գունատ ես և հուզվածդ կարծես, դողում ես։ Չլինի՞ հիվանդ ես․ ո՛չ, այդպես քեզ բաց չեմ թողնիլ իմ տնից։

— Ես եկա քեզ մոտ գիշերելու, բայց հանկարծ միտս ընկավ, որ քաղաքում շատ կարևոր գործ ունեմ այս երեկո։ Ցտեսություն։