Արշակը Սրաֆիոն Գասպարիչից փող է խնդրում. ծերունին, փողը նրան տալու փոխարեն, տալիս է հսկիչին։ Արշակը կատաղում է, կռվում բոլորի հետ և բոլորին հայհոյում փողոցային հիշոցներով։ Հետո վազում է և փակվում Սմբատի առանձնասենյակում։ Հսկիչը չի համարձակվում նրա հետևից գնալ։ Մի քիչ անցած, պատանին դուրս է գալիս այնտեղից գողնովի. ոչ ոք չի տեսնում նրան, բացի Անտոնինա Իվանովնայի աղախնից։ Արշակը գունատված և հուզված գոչում է. «կասես բոլորին, որ էլ երեսս չեն տեսնիլ»։ Աղախինն անմիջապես վազում է և այրի Ոսկեհատին հայտնում։ Այրին իսկույն հսկիչին ուղարկում է որդու հետևից։ Ամեն տեղ խեղճ մարդը փնտրում է պատանուն և չի գտնում։
Լսելով անախորժ լուրը, Սմբատը ձեռը խփեց ճակատին և շտապով անցավ իր սենյակը։ Մոտեցավ գրասեղանին, շարժեց դարանը, որ իսկույն բացվեց առանց բանալիի։ Նայեց և ապշած հետ կանգնեց մի քայլ։ Միջին դարանը կոտրած էր, թղթերը տակն ու վրա արած։
Սմբատը նայեց դարանի անկյունները, խառնեց թղթերը, բաց արավ մյուս դարանները, որոնեց սեղանի վրա, թղթապանակների մեջ և, որոնածը չգտնելով, թուլացած ընկղմվեց բազկաթոռի վրա։ Առավոտը բանկից բերել էր տվել բավական խոշոր մի գումար, որ հանքերից վերադառնալուց հետո, նույն երեկո պիտի բաժաներ նոր շինության վրա աշխատող կապալառուներին և արհեստավորներին։
Դրամի կապոցն անհետացել էր։ Կասկած չկար, որ գողացել էր Արշակը։ Ահա, ուրեմն, նրա փախչելու պատճառը. պակասում էր գողությունը - այս էլ արավ։
Նա թղթերը ժողովեց, դրեց դարանը, իջավ գրասենյակ և սպասող արհեստավորներին խնդրեց վաղը գալ վարձ ստանալու։ Հետո կանչեց գործակատարներին, և պատվիրեց Արշակին որոնել ամենուրեք, նույնիսկ անառականոցներում։ Արդեն այնքան վատ գաղափար ուներ եղբոր մասին, որ կարծում էր, թե միայն անառակ կանանց համար պիտի շռայլի գողացած փողերը։ Նա ոչ ոքի չհայտնեց գողության մասին, նույնիսկ Սրաֆիոն Գասպարիչին։