Նորից բարձրացավ վերև, ենթարկվեց մոր կծու կշտամբանքին։ Այրին ասում էր։ թե Արշակը մեղավոր չէ, որ տնից փախչում է։ Վերջին ժամանակ նրան կատարելապես տանջում էին․ բանտարկել էին, ոտով-ձեռով կապել ինչ-որ «լյալայի» հետ։ Ծախսի փող չէին տալիս «խեղճ երեխային»։ Արշակը մազերը փետտում էր, լաց լինում, սպառնում էր իրեն սպանել։ Նա կատարել է իր սպառնալիքը․ կամ ծովն է ընկել, կամ պարանով խեղդվել, կամ ռեվոլվերով իրեն սպանել։ Տաքարյուն տղա է, կանի, անպտաճառ կանի…
— Իսկի էլ չի անիլ,— գոչեց Սմբատը վշտացած մոր կշտամբանքից,— նա ինքնասպանություն գործող տղա չէ։ Կարող եմ հավատացնել, որ այժմ, անառակների հետ շնթռած, քեֆ է անում։
— Ո՛չ, խելոք է որդիս, ո՛չ գիժ,— ասաց այրին, արտասուքը սրբելով,— մեկը փչացավ, մյուսն էլ նրա ճանապարհով է գնում։ Իսկ դու, դու նրանցից ավելի վատ դուրս եկար, ավելի խորը խոցոտեցիր սիրտս…
Ազատվելով մոր ձեռքից, Սմբատն ընկավ քրոջ ձեռքը։ Ներս մտավ թե չէ, տիկին Մարթան սկսեց ուղղակի հարձակվել նրա վրա։
— Դու հորս որդուն չես թողնում օր տեսնի։ Ընկել ես կնոջդ կոշիկների տակ, ինչ ուզում է, անում ես։ Քանդեց իմ ծնողների տունն այդ կնիկը։
— Մարթա, թո՛ղ այդ կնոջը հանգիստ, խոսք ունիս ասելու, ինձ ասա։
— Քեզ ասելու ոչինչ չունեմ, կռիվս նրա հետ է, նա է քանդում մեր տունը։ Մարկոս աղայի սիրած որդին գրպանում ծախսի փող չունենա, գնա իրենը ծո՞վը գցե, բաս այս կվերցնի՞ աստված…
— Այո՛, գրպանում փող չունի, բայց սիրուհիներ պահում է,— ասաց Սմբատը դառն հեգնությամբ,— ինձանից թաքուն մորից ստացած փողերով։
— Աոաջինը սուտ է, Արշակը սիրուհիներ չունի, երկրորդը, եթե ունի էլ, շատ լավ է անում՝ պահում է, թշնամիների աչքն էլ է հանում։ Ո՞վ չունի մեր ժամանակում սիրուհիներ։ Եթե իմ մարդը, ինձ պես կնիկ ունենալով, պահում