Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազատամիտը ոգևորված խոսում էր ազգի, եկեղեցու նորագույն պահանջների մասին։ Նրա ազատամիտ հայացքները կատաղեցնում էին պահպանողական Տեր-Սիմոնին, որ առհասարակ ատելով ատում էր իր երիտասարդ պաշտոնակցին: Շուտով նրանց մեջ սկսվեց մի թեթև վիճաբանություն, որ հետզհետե տաքացավ: Բանն այն է, որ յուրաքանչյուրն աշխատում էր փայլել իր գիտությամբ՝ հարուստ սեղանակիցների ուշադրությունն ու համակրանքը գրավելու համար։ Այնինչ՝ հարուստները լսում էին վիճաբանությունն արտաքուստ ուշադիր, իսկ մտքով զբաղված իրենց գործերով և Մարկոս աղայի թողած հարստությամբ։ Մեկը նավթահոր էր փորել տալիս և երեկ խողովակը ծռվել էր հորի մեջ, մյուսի գործակատարը գողություն էր արել, երրորդը՝ վաղը պիտի բանկից ազատեր իր մուրհակները, մի ուրիշն էլ մտածում էր՝ արդյոք լավ չի՞ լինիլ, որ ինքն էլ իր հանքում գետնի տակով խողովակ անցկացնելով, հարևանի նավթը գողանա, ինչպես անում էին ոմանք։ Մի խոսքով ոչ մեկը գլուխ չուներ Տեր-Աշոտի լուսավոր գաղափարները լսելու...

Հոգեհացին ներկա էին նաև Միքայելի մտերիմ ընկերներից մի քանիսը: Ամեն ինչ նրանց վրա նորաձև էր, սկսած կոշիկների սուր ծայրերից և տափակ կրունկներից մինչև գլուխների մազերի սանրվածքը և բեղերի սրածայր ցիցը դեպի վեր։

Մեկը նրանցից շշնջալով նկարագրում էր իր հարևանի համար մի նորեկ օպերետային երգչուհու կուրծքն ու ոտները...

— Երեկ հետը ծանոթացա կուլիսների հետևում, խնդրեց, որ այցելեմ․․․ Նրա կենացը․․․

Դա քաղաքում հայտնի զվարճամոլ Գրիգոր Հաբեթյանն էր, որին համառոտ կոչում էին «Գրիշա»։ Կարմիր, մսալի երեսով, հաստ շրթունքներով, վառվռուն սև աչքերով մի երիտասարդ էր, որ սիրում էր աղմկալի քեֆեր, կոտրտել, ջարդել, սրա ու նրա վրա շշեր շպրտել, թուղթ խաղալ, շամպայնը խմել շշից, գիշերները փողոցներում թառ ու դուդուկ ածել տալ, ոստիկանների հետ կռվել, հետո նրանց