մասին։ Կվատնի փողերն ու վաղ թե ուշ կվերադառնա տուն։ Ի՞նչ ասել է եղբայրական սեր, եթե ոչ մի հին նախապաշարում։ Նույնն է և՛ որդիական սերը։ Բոլորը դատարկ, անիմաստ զգացումներ են, որ մարդիկ արվեստականորեն զարգացրել են իրենց մեջ դեռ վայրենության դարերում։ Այո՛, կեղծ են բոլոր արյունակցական զգացումները, ինչպես կեղծ է առհասարակ մարդկային զգացումների իննսուն տոկոսը։ Միայն մի զգացում է արմատական, անկեղծ, բնածին և անջնջելի - եսասիրությունը։ Հեռո՜ւ նախապաշարումներ, պետք է եսամոլ լինել։ Սպասավո՛ր, գարեջուր։ Այս լավ չէ, ուրիշը բեր, բե՛ր և մի բաժակ կոնյակ, բե՛ր երկրորդը, երրորդը։
Նա խմում էր բաժակ-բաժակի հետևից։ Մենակ Էր, ազատ՝ կնոջ անախորժ ձայնից, մոր անվերջ բողոքներից, երեխաների աղմուկից։ Ա՜խ, երանի ամուրիներին։ Ի՜նչ հաճելի է ռեստորանի մթնոլորտը, այս անծանոթ հյուրերի զվարթ դեմքերը։ Այստեղ ամեն ինչ պարզ է և հասկանալի, իսկ տանը՝ բարդ, մթին։
Նա գլուխը դրեց կռների վրա՝ սեղանի եզրին։ Մտքերը խառնաշփոթվել էին, այլևս չգիտեր ում մասին մտածի։ Բոլորը և ամեն ինչ խառնվել էին նրա գլխում և դարձել անթափանցելի քաոս…
Մեկը ծխախոտի թանձր ծխի միջից մոտեցավ նրան, գդակը ձեռին, և կամացուկ արտասանեց նրա անունը։ Նա գլուխը բարձրացրեց և տեսավ այն գործակատարներից մեկին, որոնց պատվիրել էր Արշակին գտնել։
— Գտա՞ք այն անպիտանին,— հարցրեց նա, շիշը բարձրացնելով, որ բաժակը լցնի։
— Այսօր տասներկու ժամին նրան տեսել են երկաթուղու կայարանում մի կնոջ հետ, գնացքի ժամանակ։
— Մի կնոջ հե՞տ,— կրկնեց Սմբատը,— ախ, անպիտա՜ն գարշելի՜… Պետք է փնտրել ու գտնել, անպատճառ գտնել։ Է՜ է, ինչո՞ւ եք եկել, ո՞վ ասաց, որ առանց գտնելու գաք…
— Եկել եմ հայտնելու, որ հանքերից ձեզ խնդրում են…
— Հրդե՞հ,— գոչեց Սմբատը,— է՛, ի՞նչ անեմ թող այրվի ամեն բան, թող այրվի, ոչնչանա…