Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սմբատի կառքը բարձրանում էր մի բարձրավանդակով, և քանի գնում, ծովն ավելի ու ավելի ընդարձակվում է նրա աոջև։ Երկու կառք սլացան նրա մոտով և առաջեցին։ Մի խումբ զվարճամոլներ, ով գիտե ինչ քեֆից հետո, դուրս էին եկել մաքուր օդ շնշելու։ Մեկը տեղական հասարակ շվու վրա նվագում էր Cavaliera rusticana-յից մի թախծալի կտոր։ Նվագողը ոգևորված էր։ Մեղմ և ախորժալուր հնչյունները թափանցում էին մարդու սիրտը։ Կարծես, այդ հնչյունները լուսնից էին գալիս և կազմում աննման մի ներդաշնակություն մելամաղձիկ երկնի հետ։

Եվ այս բոլորն ազդում էր Սմբատի գրգռված հոգու վրա, բորբոքում նրա սրտի վերքերը։ Թվում էր նրան, որ այս պահին բոլորը բախտավոր են, բացի իրենից։

Հասնելով թերակղզու ծայրը, կառապանը կառքը հետ դարձրեց, առանց հարցնելու Սմբատի կամքը։

Նա վերադարձավ տուն։ Ուղարկված գործակատարները դեռ ոչ մի լուր չէին բերել Արշակի մասին։ Ոսկեհատը լալիս էր և անիծում իր վիճակը։ Մարթան, մի անգամ ևս մորը լարելով Անտոնինա Իվանովնայի դեմ, հեռացել էր։ Իսկ Անտոնինա Իվանովնան քաշվել էր իր սենյակը և խորհրրդակցում էր եղբոր հետ՝ իր անելիքի մասին։

Տանը տիրում էր մի անհյուրընկալ սառնություն, որ ճնշեց Սմբատի հոգին։ Նա շտապեց դուրս գալ նորից։ Այս անգամ, ոտով մի քանի փողոցներ անցնելով, մտավ քաղաքի առաջին ճաշարաններից մեկը։ Նստեց ընդարձակ սենյակի մի խուլ անկյունում և պահանջեց մի շիշ գարեջուր։ Մյուս սենյակից լսվում էր բիլիարդի գնդակների չխչխկոցը։ Շուրջը նստած էին փոքրիկ սեղանների քով թվով մոտ քսան եվրոպացիներ, մեծ մասամբ շվեդացիներ ու գերմանացիներ։ Խմում էին, ընթրում, զվարճախոսում, ծխելով իրենց կարճլիկ ծխաքարշերից։

Սմբատի զգացումները շուտով սկսեցին բթանալ թմրեցուցիչ գարեջրի ազդեցությամբ։ Մի պահ նրա աչքերից հեռացավ այն սև ուրվականը, որին համարում էր իր անհաջող սկսված ու դժբախտ շարունակվող ամուսնական կյանքը։ Մոռացավ նաև Արշակին։ Արժե՞ միթե մտածել նրա