Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարգարյան ընտանիքը շրջապատել էր նրան, ամեն ոք աշխատում էր մի բանով օգտակար լինել։

Հետևելով հոգու բնական բարի ձգտումներին, Շուշանիկը մոռացավ իր վիրավորանքը և սկսեց հարազատ քրոջ խնամքով ծառայել հիվանդին այնպես, ինչպես շատ հիվանդ բանվորների էր ծառայել։ Դեպքը բացառիկ էր. ներելի էր մի օրիորդի ցավակցել մի օտար երիտասարդի, որ պառկած էր կից սենյակում, ջարդվածք վիրավոր և հուսահատ։ Ուստի տնեցիները դեմ չէին, որ նա ծառայի հիվանդին։

Հետևյալ օրը ճակատի վերքն սկսեց Միքայելին նեղել։ Հարկավոր եղավ քաղաքից հրավիրել վիրաբույժ։ Զննեց և գլուխը տարակուսաբար շարժեց, վերքը բավական խոշոր էր և խորը. վտանգը ուղեղին էր սպառնում։ Հիվանդը ստեպ-ստեպ ուշաթափվում էր։

Սմբատն ուղևորվեց քաղաք՝ դժբախտ լուրը մորն զգուշությամբ հաղորդելու։ Այրին տակավին հուսահատ դրության մեջ էր։ Նա չէր հավատում, թե Արշակին տեսնող է եղել կայարանում։ Շարունակ կրկնում էր. «աշխարհը տակն ու վրա արեք, խեղճ երեխայիս մարմինը գտեք»։ Նույնը կրկնում էր և՛ նրա աղջիկը։ Եվ երկուսն էլ իրենց սրտի թույնը թափում էին Անտոնինա Իվանովնայի գլխին, տեղի անտեղի բարձրաձայն հայհոյելով նրան, որ իր հետ մի շարք դժբախտություններ բերեց ընտանիքի գլխին։

Նոր լուրը, հարկավ, սաստիկ ներգործեց այրիի վրա։ Նա ուշաթափվեց։ Նրան ուշքի բերեց Մարթան, և իսկույն մայր ու աղջիկ ճանապարհ ընկան դեպի հանքերը՝ Իսահակի ուղեկցությամբ։ Հասան այն ժամանակ, երբ բժիշկները սպասում էին ուղեղի բորբոքման։

Իսահակ Մարութխանյանը, չափազանց հետաքրքրված, թաքուն հարցնում էր բժիշկներին, կմեռնի՞ արդյոք Միքայելը, թե՞ կապրի։ Բժիշկներից մեկը հուսահատությամբ գլուխը շարժեց։ Եվ ոչ ոք Մարութխանյանի կանաչ-դեղնագույն աչքերի մեջ չնշմարեց ուրախության փայլը։

Իրիկնադեմին Միքայելը գիտակցությունը կորցրեց, սկսեց զառանցել սաստիկ տաքությունից։ Ամբողջ մի ժամ ինքն իրեն խոսում էր, տրորվելով անկողնի մեջ։ Մերթ