Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

այնքան կազդուրված, որ կամեցավ ոտքի վեր կենալ։ Սակայն բժիշկը պատվիրեց մի օր էլ պառկած մնալ։

Իրիկնադեմին խմբովին այցելեցին նրան իր նախկին ընկերները, բոլորն էլ բավական հարբած, բացի Պապաշայից։ Այդ օրը Պապաշան իր հանքերում ճաշ էր տվել մի եկվոր խմբագրի, որի լրագրում հաճախ նա անվանվում էր «հայտնի բարեգործ»։

Քյազիմ-բեգը ցույց տվեց, թե կատաղած է անհայտ սրիկաների դեմ։ О՜о, նա անպատճառ կիմանա ովքեր են այդ չարագործները և մի լավ պատժել կտա։ Իշխան Նիասամիձեն, ձեռը դնելով դաշույնի կոթի վրա, երդվում էր բոլորին կոտորել։ Մելքոնն ու Մոսիկոն դեմքերով զանազան նշաններ էին անում միմյանց և հեգնաբար ժպտում։ Բանն այն է, որ նրանք գուշակում էին, թե ով պիտի լինի Միքայելին ծեծել տվողը։

Իրավաբան Փեյքարյանը պնդում էր, թե եթե չարագործները գտնվեն, անպատճառ կաքսորվեն «За покушение на убийство».

— Գտնելը դժվար չէ, հաստատելն է դժվար,— երկդիմի ակնարկեց Մոսիկոն և, բութ մատները թաքուն դնելով ականջների ծակերը, ցուցամատները բարձրացրեց վերև։

— Ես էլի կասեմ, վըեր, ըըը, խաղաղությունը լյավ պեն ա,— ասաց Պապաշան։

Չնայելով տխուր այցելության, պատկառելի ամուրին շատ ուրախ էր տրամադրված։ Խումբն սկսեց նրա վերաբերմամբ սրախոսել, հետո նրա հետ կատակներ անել։ Գրկում էին նրան, կողերին բոթում, համբուրում, բարձրացնում վերև։ Իսկ նա, ժպիտը երեսին, կրկնում էր․

— Նուշ ա, նուշ ա․․․

Այդ ասել էր, թե ընկերների կատակները հաճելի են իրեն։

— Շտապիր շուտով վեր կենալ, Մեխակ,— ասաց Մոսիկոն,— Պապաշան մեծ ճաշկերույթ պիտի տա այս օրերս։ Իռլանդիայից երկու գիտնական ճանապարհորդներ են գալիս, նրանց համար ուզում է բանկեատ սարքել և, եթե կարելի է, իր վիճելի նավթահողերը նրանց վզին կապել։ Ճառ