Միքայելը մի վայրկյան դողալով, գրգռված, նայեր հակառակորդի երեսին, ապա նրա կատաղությունն ավելի ընդարձակվեց և տարածվեց դեպի բոլոր ընկերները։
— Ի՞նչ եք ուզում ինձանից,— գոչեց նա, ինքն իրեն մոռանալով,— ինչո՞ւ եք եկել, ո՞վ է ձեզ խնդրել գալու։ Գնացե՛ք․․․ ձեր բոլորի բարեկամությունը ինձ ձանձրացրել է, գնացեք... Դուք իմ ընկերները չեք...
Այս անսպասելի հարձակումը բոլորին ապշեցրեց. վիրավորողը մեկն էր, իսկ Միքայելը կատաղում էր ամենքի դեմ։
— Յավաշ, յավաշ,— ասաց Քյազիմ-բեգը հեգնաբար,— մենք ի՞նչ մեղք ունենք։
— Դուք բոլորդ նման եք միմյանց, բոլորդ...
— Աֆերիմ, սիրեցի պարզախոսությունդ, աֆերիմ, իմ արևը, դրուստն ես ասում։
— Իհարկե, ըըը, դրուստն է ասում,— փորձեց Պապաշան վեճը կատակի դարձնելու,— մենք լա, ըըը, մարդ չենք, մարդանման վըեր ըըը․․․
— Պարոննե՛ր,— մեջ մտավ Մելքոնը վիրավորված,— ես հասկանում եմ ինչու է մեր ընկերությունն Ալիմյանին ձանձրացրել։ Ես այստեղ սև նավթի փոխարեն, այսպես ասած, մանիշակի անուշ բուրմունք եմ զգում, թարմություն, անմեղություն։ Հըմ, Սուլյան, ինչո՞ւ ես դեսուդեն մտիկ անում։ Կարծեմ, ամենից առաջ դու ես հասկացել բանի էությունը։ Հիշո՞ւմ ես ասածներդ...
Ինժեները նեղն ընկավ։ Բանն այն է, որ նա հարուստ երիտասարդների անչափ հետաքրքրությանը գոհացում տալու, նրանց դուր գալու և, որ ամենագլխավորն է, Դավիթ Զարգարյանին մի քիչ վրեժխնդիր լինելու համար, ինչ-որ վատ ակնարկներ էր արել Շուշանիկի վերաբերմամբ։
Մելքոնի անզգույշ խոսքերը նրան վախեցրին։ Շփոթված նայեց Միքայելի այլայլված դեմքին և խոսակցությունը կտրելու համար ասաց. — Պարոննե՛ր, ինչո՞վ կկամենաք ձեզ հյուրասիրեմ։
— Բավական է, ինչքան հյուրասիրվեցինք, գնա՞նք,— ասաց Քյազիմ-բեգը։