Զինան բանտարկված չէ, բայց դու երբեք նրա երեսը չես տեսնիլ․․․
Արշակն ուրախացավ, որ իր սիրեցյալն ազատ է, բայց ինչու՞ նրա երեսը չի տեսնիլ, ո՞վ կարգելե նրան։ Նա ոչ ոքից կախում չունի, ա՜յ, ինչ կասի, ո՛չ ոքից։
— Ես ազատ քաղաքացի եմ... է՜է, այն հին դարերում էր, երբ մեծերը և ուժեղները պստիկներին և թույլերին ստրկացնում էին։ Մի կարծիլ, թե մենք Ասիայում ենք ապրում, ուրեմն ամեն բան կարելի է անել։ Այժմ անհատական ազատության ժամանակն է, տասնուիններորդ դարի վերջը, հասկանո՞ւմ ես, ֆեն դը սիեկլ ...
— Ֆեն դը սիեկլ,— կրկնեց Սմբատը դառն ծիծաղելով,— ափսոս միայն որ այդ «ֆեն դը սիեկլը» կլինի և՛ քո կյանքի վերջը, և դու երբեք չես հասնիլ քսաներորդ դարին։ Նայի՛ր հայելուն, մի՞ թե չես զգում, որ ոտքի վրա կենդանի փտում ես, ամբողջ մարմինդ որդնել է... Մի՞ թե չգիտես, ողորմելի․․․
— Իսկի էլ չեմ փտում։ Դու կարծում ես՝ նա է մարդ, որ հաստ փոր ու կարմիր թշեր ունի։ Ներողություն, մեր դարը ներվային դար է, զգացում ունեցողներն ու մտածողները միշտ ինձ պես դեղնած են լինում։ Գալով հիվանդությանս, է՜է, սովորական բան է։ Դու ինձ ասա, ո՞ր արիստոկրատն է մեր ժամանակում ազատ իմ ախտից...
Նա խոսում է այնքան ոգևորված և այնքան լուրջ, որ ակամա շարժեց եղբոր ժպիտը։ Բայց շուտով Սմբատի արյունը դարձյալ գլխին խփեց և նա գոչեց․
— Լի՜րբ, աներես, լռի՛ր, քանի որ խելքս գլխիս է։
Ներս վազեց այրի Ոսկեհատը և ընկնելով որդիների մեջ, սկսեց պաշտպանել Արշակին։ Նա կարծում էր, թե Սմբատն ուզում է եղբորը ծեծել։
— Երեխաս դեռ չի հանգստացել,— ասաց նա, մի ձեռով գրկելով Արշակին,— ո՞վ գիտե, քաղցած էլ է, դու խրատելու ժամանա՞կ ես գտել։
— Ա՜խ մայրիկ,— գոչեց Սմբատը խորին հանդիմանությամբ,— այդ տղային փչացնողը հենց դու ես։ Այդքան