Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատշգամբի վրա և զգում, որ նրա հայացքը որոնում է իրեն։ Ակնածալի բարևներին պատասխանում էր սառն քաղաքավարությամբ և իսկույն լուսամուտից հեռանում․ մինչդեռ Միքայելը նայում էր ու նայում երկար ժամանակ։ Եվ այդ համառ հայացքներն սկսում էին հալածել Շուշանիկին։

Եղանակը պարզ էր և բավական ջերմ, երբ Շուշանիկը դուրս եկավ պատշգամբ մի փոքր օդ շնչելու։ Նա մի երկու ժամով ազատ էր տնային գործերից։ Անցավ ընդարձակ բակը դուրս եկավ այն տափակ տարածությունը, ուր երեք շաբաթ առաջ ծեծվել էր Միքայելը։ Դարձյալ Սմբատի առնական կերպարանքը նկարվեց նրա աչքերի առջև, դարձյալ նրա հայացքն ակամա դարձավ դեպի քաղաք տանող ճանապարհը։ Այնինչ, երկու շաբաթ էր, Սմբատը չէր գալիս հանքերը։

Շուշանիկը հասավ փլատակներին, կանգ առավ։ Ծանր, երկարատև հառաչանքները հոգնած ու ճնշված կրծքից այսօր դուրս էին թռչում առանձին դառնությամբ։ Շուտ-շուտ կանգ էր առնում, մոլոր հայացքներ ձգում հեռու ու հեռու։

— Օրիո՛րդ,— լսեց նա հանկարծ մի ծանոթ ձայն։ հետ նայեց և տեսավ Միքայելին։ Մի վայրկյանում պատկերացավ նրա առջև այն անախորժ տեսարանը, որ այնքան վիրավորել էր նրա համեստությունը։

Շուրջը ոչ ոք չկար։ Միայն երբեմն անցնում էին հատ-հատ բանվորներ։ Շուշանիկը լռիկ պարզեց աջը և շտապով հետ քաշեց, հազիվ ակնթարթ թողնելով Միքայելի ձեռում։

Միքայելի նիհար ու գունատ դեմքի վրա նկարված էր այնպիսի թախիծ, որպիսին երբեք Շուշանիկը չէր տեսել նույնիսկ Սմբատի դեմքի վրա։ Մի ակնածալի հայացք ձգեց օրիորդի աչքերի մեջ և անվստահ եղանակով սկսեց ռուսերեն․

— Օրիորդ, մինչև այսօր ես առիթ չեմ ունեցել ձեզ շնորհակալություն հայտնելու։

— Ինչու՞ համար։

— Եվ դուք դեռ հարցնո՞ւմ եք․ չէ՞ որ ձեր ընտանիքը մոտ երկու շաբաթ ինձ խնամեց, ինչպես իր հարազատ որդուն։

— Դուք իմ հորեղբոր տերն եք, այդ մեր պարտքն էր։ Բացի դրանից, դուք արդեն շնորհակալություն հայտնել եք։